Ադրբեջանը Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման առնչությամբ շարունակում է վարկածներ մոգոնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական իշխանությունները չեն դադարում միջազգային հարթակներն օգտագործել` իրենց ստի քաղաքականությունն առաջ տանելու համար: Չկարողանալով որևէ կերպ խանգարել և միջամտել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը` Ադրբեջանը շարունակում է ուղիներ փնտրել այս հարցում ևս Հայաստանի անունն անհիմն շահարկելու և սևացնելու նպատակով: Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այս անգամհայտնել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը, ով նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական 1news.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը:

Մեխտինը հերթական անգամ առաջ է քաշել ադրբեջանական այն վարկածը, թե «հայկական կողմը փորձում է անօրինական կերպով շահագործել Ստեփանակերտի օդանավակայանը»: «Հայաստանի նմանօրինակ փորձերն անարգանք են միջազգային իրավունքի նկատմամբ, խաթարում են խաղաղ գործընթացը և անհանգստություն են առաջացնում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»,- իր նամակում նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը: Իր դժգոհությունը հայտնելով հայկական կողմի հիմնադրած Artsakh Air Company ավիաուղիների բացման կապակցությամբ` նա դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին` կոչ անելով զերծ մնալ Ստեփանակերտի օդանավակայանի և Artsakh Air Company ավիաուղիների հետ որևէ համագործակցությունից:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի:Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը:

Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտեց նաեւ միջազգային հանրությունը:

Հայերեն English