ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվելիք ռուս-հայկական համատեղզբոսաշրջային արշավը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը: Ինչպես սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկային փոխնախարար Արա Պետրոսյանը, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը նախատեսված արշավի նպատակներից է բացահայտել Հայաստանի զբոսաշրջային նոր ռեսուրսները:
Փոխնախարարը կարևորեց Հայաստանը զբոսաշրջության կիզակետում պահելու պետության ջանքերը: «Պետությունն աշխատում է ստեղծել բարենպաստ միջավայր զբոսաշրջային ոլորտի զարգացման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Պետրոսյանը: Նրախոսքով, հոկտեմբերի 18-19-ը Հայաստանում կայանալիք միջազգային զբոսաշրջության կոնֆերանսը ևս կնպաստի ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճին:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն բարձր գնահատեց Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալը` ընդգծելով արշավի օգտակարությունը: «Սա շատ լավ և կարևոր սկիզբ է Հայաստան զբոսաշրջիկների հոսքի համար: Արշավում ընդգրկված գիտնականները և ասպիրանտները կնպաստեն Հայաստանի ճանաչողականության բարձրացմանը»,- նշեց Կովալենկոն: Դեսպանը կարևորեց նաեւ արշավի նկատմամբ լրագրողների հետաքրքրության բարձր մակարդակը:
Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանն ընդգծեց Հայաստանի գրավչության հանգամանքը զբոսաշրջիկների համար: «Մեր գլխավոր նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև միացյալ տուրիստական գոտու ստեղծումն է»,- նշեց Մինասյանը:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ Հայաստանում կանցկացվի հայ-ռուսական գիտական զբոսաշրջային արշավ։ Գիտարշավը կմեկնարկի Երևան քաղաքից և կընդգրկի Գյումրի, Դիլիջան, Սևան, Գորիս, Կապան, Մեղրի, Օշական և Էջմիածին քաղաքները:
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: