Շարունակելու ենք աշխատել մեր գիտության դերը ժամանակակից աշխարհում բարձրացնելու ուղղությամբ. Սերժ Սարգսյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը նվիրված ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդլայնված ընդհանուր ժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից` Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ մրցանակակիրներ, հյուրեր, ուրախ եմ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արդեն երկրորդ արարողությանը ներկա գտնվելու համար: Աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառի համար նախատեսված այս մրցանակը կոչված է հավերժացնելու գիտության մեր ականավոր գործչի անունը՝ միավորելով տարբեր երկրներ ու ժողովուրդներ ներկայացնող գիտնականների: Վիկտոր Համբարձումյանն օժտված էր եզակի շնորհով ու տաղանդով: Նա ոչ միայն հանճարեղ գիտնականի, այլև բարոյական ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդու իսկական կերպար էր: Յուրաքանչյուրը, ով նրա հետ շփվելու բախտ էր ունենում, նրա հանդեպ կրկնակի էր լցվում խորին հարգանքով ու ակնածանքով:

Իր աշխատանքով ու բարոյական կերպարով մեծ գիտնականն ապացուցում էր, որ հանճարն ու համեստությունն անբաժան են: Վիկտոր Համբարձումյանի, Բյուրականի աստղադիտարանի նրա գործընկերների ու սաների շնորհիվ Հայաստանը դարձավ այս բնագավառի առաջատարներից մեկը ոչ միայն նախկին Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում: Նրանք մեզ հրաշալի օրինակ ու իրենց գործը շարունակելու պատգամ են թողել, որը միաժամանակ թե՛ պարտավորեցնում է, և թե՛ ոգևորում: Գիտության ոլորտի մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում այսօր Հայաստանի երիտասարդներին ուղղված ուղերձ է դրված: Դա սեփական գիտելիքներով, ինտելեկտով ու ստեղծագործ կարողություններով միջազգայնորեն մրցունակ քաղաքացու կարևորության ուղերձն է, որը մենք հնչեցնում ենք բարձր և որին մենք իսկապես հետամուտ ենք:

Սիրելի՛ բարեկամներ, Ինչպես ասացի, սա արդեն երկրորդ մրցանակաբաշխությունն է: Նախաձեռնությունը վերափոխվում է բարի ավանդույթի, որն անհրաժեշտ է ամրապնդել, զարգացնել, փայփայել, դրան միս, արյուն ու ոգի տալ: Կանտն ասում էր, որ աշխարհում կա երկու գաղտնիք՝ աստղային երկինքը վերևում ու բարոյական կարգը մարդու մեջ: Այսօր մենք ամբողջ մարդկության անունից շնորհակալություն ենք հայտնում երկու նշանավոր գիտնականների՝ աստղային երկնքի գաղտնիքների շղարշը մեզ համար փոքր-ինչ պարզաբանելու համար: Ես սրտանց շնորհավորում եմ էստոնացի աստղաբան Յան Էյնաստոնին և ռուս աստղաֆիզիկոս ու տիեզերաբան Իգոր Նովիկովին Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին արժանանալու կապակցությամբ:

Սիրելի՛ մրցանակակիրներ, Շնորհավորում եմ ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Մենք հպարտությամբ ենք մաս կազմում ձեր գիտական սխրանքը միջազգայնորեն գնահատելու գործին: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այսօր այս միջոցառմանը մեզ հետ է և այստեղ շատ փայլուն ելույթ ունեցավ աշխարհահռչակ ամերիկացի աստղագնաց Չարլզ Դյուքը: Մենք շարունակելու ենք աշխատել մեր գիտության դերը ժամանակակից աշխարհում բարձրացնելու ուղղությամբ: Մեր պետական քաղաքականությունը, այսօր արդեն նաև «Լույս» հիմնադրամի ծրագրերն անընդհատ ավելի մեծ թափ են առնելու միջազգային ասպարեզում մրցունակ կրթության և արդիական գիտության զարգացման գործում: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում «Փյունիկ» հիմնադրամին, այստեղ ներկա է հիմնադրամի հիմնական հովանավոր պարոն Գաբրիել Ջամբարջյանը՝ իր տիկնոջ հետ, ինչպես նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր նպաստեցին այս մրցանակաբաշխության իրականացմանը: Շնորհավորում եմ բոլորիս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արդեն երկրորդ պարգևատրումը հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ: Շնորհակալություն»:

Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2012թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Յան Էյնաստոյին և Իգոր Նովիկովին. Տարտուի աստղադիտարանի կողմից առաջադրված պրոֆեսոր Յան Էյնաստոն մրցանակին արժանացել է «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար», իսկ Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի կողմից առաջադրված պրոֆեսոր Իգոր Նովիկովը (Տիեզերական աստղագիտության կենտրոն, Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստան)՝ «Ջերմ Տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»:

Հանձնաժողովի նախագահն իր ելույթում նշել է, որ 2012թ. մրցանակի համար հանձնաժողովը աշխարհի տարբեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 12 առաջադրում: Վերոնշյալ երկու գիտնականների ընտրությունը կատարվել է ներկայացված բոլոր աշխատանքների ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացած ականավոր գիտնականներին և հանձնել մրցանակները:

Հայերեն

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը