2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում քուրդ բնակչության դեմ խտրական արշավին մասնակից է դարձել է նաեւ այդ երկրի նախագահ Աբդուլլա Գյուլը: Օգոստոսի 22-ին Ղրղզստան կատարած այցից կարճ ժամանակ առաջ Գյուլը հրահանգել է իր գլխավորած պատվիրակության կազմից հանել թուրքական խորհրդարանի ազգությամբ քուրդ պատգամավոր Ադիլ Քուրթի անունը, ով խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության անդամ է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Haber3 լրատվական կայքը հայտնում է, որ Գյուլի այդ քայլը պայմանավորված էր այն բանով, որ ԽԺԿ-ի պատգամավորները Հաքքարիում ողջագուրվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ, ինչը բացասական գնահատականի էր արժանացել թուրքական հասարակության կողմից: Ադիլ Քուրթը թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է, որ իրեն վերջին պահին նախագահականից զանգել եւ զգուշացրել են, որ չի կարող նախագահի հետ մեկնել Ղրղզստան: «Ես գիտեմ, թե ինչու են ինձ հանել պատվիրակության կազմից, սակայն սպասում եմ նախագահականի պարզաբանմանը», -ասել է նա:
Քուրդ պատգամավորների` PKK-ի զինյալների հետ ողջագուրվելու դեպքը տեղի է ունեցել Հաքքարիի նահանգի Շեմդինլիի շրջանում թուրքական անվտանգության ուժերի հետ քուրդ ապստամբների միջեւ բախումների ժամանակ 9 թուրք զինվորների զոհվելուց հետո ԽԺԿ-ի խորհրդարանական պատվիրակության` իրադարձությունների վայր մեկնելու ժամանակ, որտեղ պատգամավորները որոշել էին տեղում ծանոթանալ միջադեպի մանրամասներին: PKK-ի զինյալները հանկարծակի փակել են պատգամավորների ավտոշարասյան առաջը: Պատգամավորները դուրս են եկել պարզելու պատճառը եւ հանդիպել ապստամբների հետ: