3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ամիսներին ցորենի համաշխարհային գների բարձրացումն իր ազդեցությունն է թողել նաև հայաստանյան շուկայի վրա: Հայաստանը բավարարում է ցորենի սեփական պահանջարկի ընդամենը շուրջ 40 տոկոսը, իսկ մնացած 60 տոկոսը ներմուծում է արտերկրից:«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստան հացահատիկի ներմուծմամբ և վերամշակմամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերության նախագահ Գուրգեն Նիկողոսյանը նշեց, որ իրենք ներկայում զբաղված են ցորենի ներկրմամբ Ռուսաստանից, և բավական քանակությամբ ցորենի պաշար են կուտակել: «2010թ. իրադարձությունները դժվար թե կրկնվեն, երբ Ռուսաստանից ցորենի արտահանման արգելքի հետեւանքով ստիպված էինք այլ երկրներից ներմուծում իրականացնել»,-ասաց Նիկողոսյանը:
Հայաստան ներմուծվող ցորենի գինը հունիսից հետո թանկացել է շուրջ 40 դոլարով` գրեթե 15 տոկոսով, որն էլ իր ազդեցությունն է թողել ալյուրի գնագոյացման վրա: Ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը վերջին անգամ թանկացել է 550 դրամով: Ընկերության նախագահի կարծիքով` Հայաստանում ալյուրը դեռևս կթանկանա, սակայն ոչ մեծ չափով:
«Մանանա Գրեյն»-ն այս տարի ևս տեղական շուկայից մթերումներ չի իրականացրել: Պատճառը տեղական ցորենի ցածր որակն է, որը դեռևս զիջում է ներմուծվածին:«Արդյո՞ք Հայաստանում որակյալ ցորենի բացակայությունն է էլիտար սերմացուի ներմուծման անհրաժեշտություն առաջացնում» հարցին ի պատասխան Նիկողոսյանը նշեց, որ իրենք որևէ էական տարբերություն չեն զգացել մի քանի տարի առաջվա և ներկայիս տեղական ցորենի որակական հատկանիշներում:
Վերջին օրերին ցորենի համաշխարհային շուկայում համեմատաբար անդորր է, որին Նիկողոսյանը մի շարք բացատրություններ տվեց: Նախ` ցորենի հիմնական խոշոր գնորդ երկրներից Եգիպտոսը ժամանակավոր դադարեցրել է ցորենի ներմուծումը մասնավորապես Ռուսաստանից, և այս հանգամանքը սպասողական իրադրություն է ստեղծել համաշխարհային ցորենի բորսաներում: Երկրորդ` ցորենն արդեն բավականին թանկացել է, և ոչ ոք չի ցանկանում ավելորդ ռիսկի գնալ, ու հոգեբանական պայքար է գնում` կթանկանա ցորենը, թե ընդհակառակը` կէժանանա: Ամենայն հավանականությամբ ցորենի գինը կորոշվի դեկտեմբերից սկսած, երբ պարզ կլինի համաշխարհային ցորենի պաշարների ամբողջական չափը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հացամթերքի ապրանքախմբում արձանագրել է5 տոկոս գնաճ, իսկ հուլիսի նկատմամբ այդ գնաճը կազմել է 1,3 տոկոս: Հացի գներն այդ ժամանակահատվածում աճել են 4 տոկոսով: