«Քնած զինվոր կացնահարողին հերոս հռչակող երկիրն իրավունք չունի Ղարաբաղ պահանջելու». Ռուբեն Թովմասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված դեպքերը ստվերեցին եւ հետին պլան մղեցին հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես` սեպտեմբերին կայանալիք Տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Կոմունիստ քաղաքական գործիչը Սաֆարովի խայտառակ միջադեպի համար ՆԱՏՕ-ին է պատասխանատու համարում: «Ես գտնում եմ, որ այս հարցում ՆԱՏՕ-ն պետք է լուրջ պատասխան տա, քանի որ գործընթացը ծավալվում էր ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-ասաց նա: Թովմասյանի խոսքով` Սաֆարովի դեպքը կարելի է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հարցն աշխարհին ավելի ճիշտ ներկայացնելու համար: «Սա ևս մեկ անգամ ցույց տվեց Ադրբեջանի դեմքը: Քնած զինվոր կացնահարողին հերոս հռչակող երկիրն իրավունք չունի Ղարաբաղ պահանջելու: Այսպիսի պետության կազմից է դուրս եկել Լեռնային Ղարաբաղը»-ընդգծեց նա:Թովմասյանի կարծիքով, պետք է քայլեր ձեռնարկվեն ԼՂ անկախության ճանաչման և Ռամիլ Սաֆարովին Հաագայի դատարան հանձնելու ուղղությամբ:

Խոսելով սեպտեմբերին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին` Թովմասյանը նշեց, որ Կոմունիստական կուսակցությունն այդ ընտրություններին ներկայանալու է վեց թեկնածուներով: Նա երկրում առկա խնդիրների լուծման գրավականն է համարել համակարգային փոփոխությունների իրականացումը: «Հույս ունեմ, որ ժողովուրդը կհասկանա, որ այս համակարգում այլևս ապրել չի կարելի»,- նշեց բանախոսը:

Հայերեն