Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո իրանցի զինվորականները գրոհել են տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Եթե ագրեսիան կրկնվի, պատասխանն էլ ավելի ուժգին կլինի, վստահեցրել են Իրանի զինված ուժերի «Հազրաթ Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը։
«Ամերիկյան բանակը պետք է իմանա, որ եթե նա որևէ ագրեսիա կրկնի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա էլ ավելի լուրջ ու լայնածավալ հարվածներ կհասցվեն տարածաշրջանի որոշակի թիրախների», - ասվում է շտաբի հայտարարության մեջ։
Հրամանատարությունում ընդգծել են, որ «տարածաշրջանում գտնվող մի քանի ամերիկյան բազաներ հզոր հարձակման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության հերոսական բանակի և ԻՀՊԿ քաջարի զինվորների կողմից»՝ ի պատասխան հունիսի 10-ի գիշերը Իրանի հարավին ԱՄՆ զինվորականների հասցրած հարվածների՝ «նրանց ուղղաթիռի կործանման կեղծ պատրվակով»։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հունիսի 10-ի գիշերը հարվածների երեք ալիք է իրականացվել Իրանի դեմ՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։
Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներ և անօդաչուներ է արձակել տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված թիրախների վրա։