Հորդանանի զինված ուժերը հայտարարել են իրանական 5 հրթիռ որսալու մասին
2 րոպեի ընթերցում

Հորդանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության ռազմական պաշտոնյան հունիսի 10-ին հաստատել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և խոցել են Իրանից արձակված հինգ հրթիռ, որոնք ուղղված էին երկրի ազ-Զարկայի նահանգի ալ-Ազրակ շրջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։
Հայտարարության համաձայն՝ հրթիռների խոցման հետևանքով բեկորներ են ընկել, սակայն զոհերի կամ նյութական վնասների պատճառ չեն դարձել։
Նաև նշվել է, որ ռազմական ինժեներական խմբեր են տեղակայվել՝ հրթիռային բեկորները մաքրելու և ցանկացած հնարավոր պայթուցիկ նյութ վնասազերծելու նպատակով։
Պաշտոնյան ընդգծել է, որ զինված ուժերն ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին և պահպանում են առավելագույն օպերատիվ պատրաստվածություն՝ Հորդանանի օդային տարածքը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ Հորդանանը թույլ չի տա երկրի օդային տարածքի որևէ խախտում։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ավիատիեզերական ուժերը հեռահար, պինդ վառելիքով հրթիռներ են արձակել Հորդանանի ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինվորականներ։
Հայտարարության համաձայն՝ ԻՀՊԿ-ն պնդել է, որ իր հրթիռները հարվածել և ոչնչացրել են բազայի չորս կարևոր թիրախներ, այդ թվում՝ F-35 կործանիչների պահեստներ և գլխավոր հրամանատարական և վերահսկման կենտրոն։
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ իր ուժերը շարունակում են լիովին պատրաստ լինել «ջախջախիչ և վճռական» պատասխան տալու ԱՄՆ հետագա ցանկացած ռազմական գործողության, և որ Վաշինգտոնը կկրի լիակատար պատասխանատվություն հետագա սրման հետևանքների համար։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան Apache ուղղաթիռի կործանման, որի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իսլամական Հանրապետությանը։
Իրանն էլ պատասխանել է ամերիկյան հարձակմանը՝ հարվածելով տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։