Հայաստանի շախմատիստների «ոսկե» «ոչ-ոքի»-ն. 11 թիմային միավոր 12 հնարավորից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել Ռուսաստանի թիմի հետ Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 6-րդ փուլը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը կարողացել է հաղթել Ալեքսանդր Գրիշչուկին եւ հավասարեցնել հաշիվը, իսկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, միավորը կիսելով Դմիտրի Յակովենկոյի հետ, պահպանել է ոչ- ոքի հաշիվը՝ 2:2:
Հիշեցնենք, որ մինչ այդ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զիջել էր Վլադիմիր Կրամնիկին, իսկ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի էր խաղացել Սերգեյ Կարյակինի հետ:
Սա Հայաստանի շախմատիստների առաջին «ոչ-ոքին» է այս մրցաշարում 5 անընդմեջ հաղթանակներից հետո: Մեր շախմատիստները վաստակել են 11 թիմային միավոր 12 հնարավորից: