ՀԳՀՄ-ն չի ընդունի միջազգային կառույցների այն միջոցառումների հրավերները, որոնց կմասնակցի Ադրբեջանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի գործատուների հանրապետական միությունը դատապարտել էէթնիկական անհանդուրժողականության հիման վրա հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում 2004թ.-ին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին հունգարական պետությունից Ադրբեջանին արտահանձնումը եւ հայտնելՀՀ Նախագահին սատարելու մասին:

«Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ նշվում է. «Առողջ տրամաբանության հետ ոչ մի կապ չունեցող այդ արարքը հակասում է ոչ միայն Եվրամիության որդեգրած մարդասիրական գաղափարներին, այլև հանիրավի ծանր հարված է տարբեր պետությունների քաղաքացի հանդիսացող մարդկանց միջև բնականոն միջէթնիկական փոխհարաբերություններ ձևավորելու ընդունված իրավական նորմերին և բարոյական սկզբունքներին:

Փաստորեն, հունգարական կառավարության թեթև ձեռքով ստեղծվեց մի նախադեպ, երբ այլ երկրում ազգային հողի վրա սպանություն գործած և ցմահ դատապարտված հանցագործին կարելի է արտհանձնել այդ նույն հանցանքի համար նրան հերոս հայտարարած երկիր: Արդյունքում Ադրբեջանը ազատ արձակելով մարդասպանին` նրան արժանացրեց ևս մեկ խրախուսական պարգևի՝ լեյտենանտից միանգամից շնորհելով մայորի կոչում:

Սա նշանակում է, որ մեկ ընդհանուր վայրում խաղաղ նպատակներով հավաքված տարբեր ազգեր ու պետություններ ներկայացնող զինվորականները, ինչու ոչ, նաև ուսուցիչները, գիտնականները կամ բիզնեսմենները կարող են կացնահարել միմյանց, իսկ հանցանքի վայրում ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո արտահանձվել հայրենիք և այնտեղ ներում ստանալ:

ՀԳՀՄ-ն պաշտոնապես հայտարարում է,քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել Ռամիլ Սաֆարովին իր կատարած հանցագործությանը համապատասխան դատավճռի կիրառմանը, չի բացահայտել հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներելու և ազատ արձակելու հունգարական կողմի հետ իր պայմանավորվածությունների իրական բովանդակությունը, ապա ՀԳՀՄ-ն Եվրամիության և այլ միջազգային ծրագրերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին իր մասնակցության հարցը դրական առումով կնայի միայն մի քանի դեպքում: Դրանք ենհամապատասխան միջազգային կառույցը պետք է տա հստակ գնահատական Հունգարիայի և Ադրբեջանի կողմից մարդասպան հանցագործին արտահանձնելու այս աննախադեպ փաստին, միջոցառումը կազմակերպող համապատասխան միջազգային կառույցը ՀԳՀՄ-ին ներկայացնի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից շնորհված ներման վերաբերյալ Ադրբեջանի գործատուների միության պաշտոնական կարծիքը: Առաջին երկու կետերի լուծման անհնարինության պարագայում ՀԳՀՄ-ն հրավերին դրական կարձագանքի այն պայմանով, եթե համապատասխան միջոցառմանը Ադրբեջանի գործատուների ներկայացուցիչները չհրավիրվեն:

ՀԳՀՄ-ն կոչ է անում իր բոլոր գործընկեր միջազգային կազմակերպություններին անտարբեր դիրք չընդունել ԵՄ և ՆԱՏՕ անդամ Հունգարիայի և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Ադրբեջանի կողմից իրականացված աննախադեպ, իրավական առումով հեղհեղուկ, իսկ մարդկային առումով անբարոյական արարքի նկատմամբ և ձայն բարձրացնել օրինականությունը վերականգնելու համար: Այդ նպատակի համար ՀԳՀՄ-ն կօգտագործի իր լայն կապերը Գործատուների միջազգային կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության համագործակցության շրջանակում:

Հակառակ պարագայում աշխարհը կունենա չկանխված և շատ վտանգավոր նախադեպ, որտեղ մարդկային կյանքը վտանգվում, իսկ հանցանքը գեներացվում է այլատյացության հողի վրա:

Միաժամանակ ՀԳՀՄ-ն կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող գործատուներին համախմբվել և պաշտպանել ՀՀ շահերը՝ խթանելով տնտեսության զարգացումը, բարձրացնելով արտադրողականությունը, նվազեցնելով ստվերը և կոռուպցիան, ինչպես նաև, ամենակարևորը, զարգացնել համագործակցությունը ներքին արտադրողների միջև` միմյանցով ուժեղանալու և առաջընթաց ունենալու համար»:

Հայերեն