2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարինմեկնարկեց համալսարանի ղեկավարության եւ առաջին կուրսեցիների ավանդական հանդիպմամբ:ՀՊՃՀ-ի առաջին կուրս ընդունված 1212 ուսանողներին շնորհավորելու էր եկել նաեւ բուհի Կառավարման խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը:«Ընտրելով Պոլիտեխնիկը դուք ճիշտ ընտրություն եք կատարել, քանի որ մեր համալսարանն իր 80-ամյա պատմության մեջ Հայաստանի Հանրապետությանը տվել է գիտնականներ, ինժեներներ, տնտեսական, քաղաքական բազմաթիվ գործիչներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ բացման խոսքում նշեց պատգամավորը:
Նիկոյանը հպարտ է, որ ինքը Ճարտարագիտականի ուսանող է եղել, քանի որ հենց այս բուհն է, որ ունի մրցակցային առավելություններ մյուս բուհերի նկատմամբ եւ հրաշալի պրոֆեսորադասախոսական անձնակազմ:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը շնորհավորելով առաջին կուրսեցիներին` նրանց խորհուրդ տվեց գիտելիքի հանդեպ հավակնոտ եւ պահանջատեր լինել:«Եկեք պահպանենք Պոլիտեխնիկի լավագույն ավանդույթները: Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ժամանակակից ինժեներին հատուկ կրթություն ստանաք»,-ասաց նա:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող քոլեջ է ընդունվել 338 ուսանող: