Ադրբեջանում գրանցված 5․1 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 12-ին տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: