Մշակույթ

Ֆիլմեր, ցուցահանդեսներ, քննարկումներ. Երևանում մեկնարկել է «Նորդիկ օրեր» երկօրյա փառատոնը

6 րոպեի ընթերցում

Ֆիլմեր, ցուցահանդեսներ, քննարկումներ. Երևանում մեկնարկել է «Նորդիկ օրեր» երկօրյա փառատոնը

Երկու օր շարունակ «Նորդիկ օրեր» փառատոնի շրջանակում հնարավորություն կստեղծվի նորաձևությանը, նորարարությանն ու այլ թեմաներին նվիրված քննարկումների, ֆիլմերի, ցուցահանդեսների և այլ միջոցառումների շնորհիվ ճանաչել Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի մշակույթը։ Փառատոնն առիթ կտա բացահայտել նորդիկ երկրների մոտեցումները բարեկեցության, կայունության, անվտանգության, հավասարության, կրթության, ստեղծարարության և առօրյա կյանքի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նորդիկ օրեր» փառատոնը, որն անցկացվում է հունիսի 12-13-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, միավորում է գաղափարները, ստեղծարարությունը և մարդկանց՝ հնարավորություն տալով հասկանալ, թե մշակույթն ու համագործակցությունն ինչպես կարող են ձևավորել ավելի կայուն, անվտանգ, ներառական և առաջադեմ հասարակություններ: Հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպան Անե Տոֆթ Սորենսենին, խոսելով նորդիկ երկրների միջև բարեկամության մասին, նշեց, որ ինչ-որ պահի մարդիկ հասկացել են, որ միմյանց հետ պատերազմելը  որևէ լավ բանի չի բերում։ «Մենք դադարեցրինք պատերազմելն ու սկսեցինք համագործակցել տնտեսության, առևտրի ոլորտում՝ ձևավորելով միջանձնային հարաբերություններ, ինչի արդյունքում հասանք տարածաշրջանային ամենասերտ համագործակցության»,-նշեց նա։

ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը փառատոնի անցկացումը Երևանում նշանակալի իրադարձություն համարեց։ Ըստ նրա՝ այն փաստը, որ Հայաստանում «Նորդիկ օրեր» են կազմակերպվում, խոսում է այն մասին, որ էապես մեծանում է Հայաստանի նկատմամբ ուշադրությունը, և իրենք ցանկանում են Հայաստանի զարգացման գործընթացների մասը լինել։

«Նորդիկ երկրները փոքր են, սակայն կայուն ժողովրդավարություն ունեն, և վստահ եմ, որ ունեն փորձ, որը կարող են փոխանցել Հայաստանին։ Նորդիկ երկրների համագործակցությունն ամուր է և հիմնված է բարեկամության, կարևոր սկզբունքների, արժեքների վրա։ Միասին մենք ավելի ուժեղ ենք, իսկ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեզ համար կարևոր է։  Մենք փորձում ենք նաև սովորել, հասկանալ, թե ինչպես եք ձևավորում ձեր դիմակայունությունը։ Դա երկկողմանի ճանապարհ է, և մենք  ուզում ենք ամուր հիմքեր ստեղծել հարաբերությունների զարգացման համար»,-ասաց դեսպանը։

ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Քիրսթի Նարինենին կարծում է՝ «Նորդիկ օրեր»-ի պես փառատոնները տարածաշրջանի հետ հաղորդակցվելու լավագույն միջոցներից են։ «Տարածաշրջանի և առանձին երկրների պոտենցիալը և հենց Հայաստանի ներուժը մեզ համար շատ կարևոր է, և նման միջոցառումները մեզ մոտեցնում են»,-ասաց Նարինենին։

Դեսպանի խոսքով՝ նորդիկ երկրներին միավորում են պատմությունը, աշխարհագրությունը, սակայն ամենակարևոր գործոններից են սոցիալական ներառականությունն ու վստահությունը միմյանց  հասարակությունների միջև, ինչից բխում են  հավատն ու կանխատեսելիությունը։

ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպան Էվա Սունդկվիստին էլ կարևորեց այն փաստը, որ նորդիկ երկրները գերազանց համագործակցում են քաղաքական, տնտեսական և այլ բնագավառներում։ «Նորդիկ երկրները  գործընկերներ են. ունենք նախարարական խորհուրդ, որի գլխավոր գրասենյակը Կոպենհագենում է, բայց ամենակարևորն այն է, որ, երբ փնտրում ենք լուծումներ, ցանկանում ենք կայացնել համակարգաստեղծ որոշումներ, միմյանցից ենք սովորում, և մենք շահագրգռված ենք համագործակցել Հայաստանի հետ»,-ասաց նա։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանում առաջին անգամ են կազմակերպվում «Նորդիկ օրեր»։ Նա հույս ունի, որ միջոցառումը շարունակական բնույթ կունենա և կդառնա սպասված իրադարձություն։ «Մենք փորձում ենք մեր հանրային կյանքի տարբեր ոլորտները զարգացնել և մոտեցնել եվրոպական չափանիշներին։ Այդ ամենից շատ բան ներառված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, շատ բան՝ ոչ, բայց փորձում ենք սովորել, ուստի կարևոր է, որ տարբեր ձևաչափերով համագործակցությունը խթանվի»,-ասաց փոխնախարարը։

Նա կարևորեց նաև միջմշակութային ասպեկտը՝ նշելով, որ աշխատում են ԵՄ անդամ երկրների հետ։ «Եվրոպական ամեն երկիր ունի իր կարևոր առավելությունները՝ թվայնացման և կրթության բնագավառում՝ Ֆինլանդիան, մշակութային երկխոսության առումով՝ Շվեդիան և այլն։ Մենք եվրոպական մշակույթի մաս ենք և ողջունում ենք  ինչպես երկկողմ, այնպես էլ  բազմակողմ ձևաչափով համագործակցությունը»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Խոսելով այն մասին, թե ինչն է իրենց զարմացրել Հայաստանում՝ դեսպանները պատասխանեցին՝ նորարարությունը, տեխնոլոգիաների զարգացումը, բնությունը՝ լեռները և այլն, մարդկանց ստեղծարար միտքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում