Հայաստանում արյունատվությունների ընդհանուր թվի աճ է նկատվում
4 րոպեի ընթերցում

Արյան դոնորի համաշխարհային օրը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների իրազեկմանը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը նշեց, որ օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու արյունատվությանը, արյան դոնոր լինելուն, ինչպես նաև ընդգծելու դրա կարևորությունը։
«Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե դոնորական արյունը որքան անփոխարինելի է բժշկության մեջ, մարդկանց կյանքը փրկելու գործում։ Տարբեր առիթներով փորձում ենք հենց այդ ուղերձը փոխանցել։ Ամեն օր հիվանդանոցներում բազմաթիվ մարդիկ արյան փոխներարկման կարիք են ունենում։ Այնպես որ, կյանք փրկող արյան կարիքը մշտապես կա»,-ասաց Հայկ Գրիգորյանը։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշեց, որ ցանկացած առողջ մարդ, ում 18 տարին լրացած է, կարող է դառնալ արյան դոնոր։ Կան նաև որոշ չափանիշներ, որոնք ևս հաշվի են առնվում, օրինակ, մարդու քաշը։ Տղամարդկանց պարագայում քաշը պետք է լինի 62 կգ-ից, կանանց դեպքում՝ 52 կգ-ից բարձր։ Զարկերակային ճնշումը և անոթազարկը պետք է լինի նորմայի սահմաններում։
«Կան որոշակի հակացուցումներ՝ մշտական ու ժամանակավոր։ Մշտականի դեպքում հաշվի են առնվում վարակիչ հիվանդությունները, որոնք արյան միջոցով են փոխանցվում։ Ժամանակավոր հակացուցումները վերաբերում են սուր շնչառական վարակներին, ջերմության բարձրացմանը, պատվաստումներին, դաջվածքներին, որի հակացուցումը 6 ամիս է»,-ասաց Անդրանիկ Շամիլյանը։

Տարեցտարի հանրապետությունում արյունատվությունների ընդհանուր թվի աճ է նկատվում։ Ներկայացնելով վերջին տարիների վիճակագրությունը՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը նշեց, որ 2023 թվականին ընդհանուր արյունատվությունների թիվը կազմել է 22 հազար 162, 2024 թվականին՝ 23 հազար 600, իսկ 2025-ին` 26 հազար 554։
«Իհարկե, ընդհանուր ցուցանիշը կարևոր է, սակայն առավել կարևոր է կանոնավոր արյունատվությունը, արյան բոլոր խմբերի բավարար քանակությունը։ Պետք չէ սպասել կոնկրետ դեպքերի և մեծ թվով մարդկանցով մոտենալ արյուն հանձնելու ու ասել, որ սա բավարար է։ Հավատացեք, արյան բոլոր բաղադրամասերը մշտապես սպառվում են և դրանք կանոնավոր կերպով պետք է համալրվեն»,-ասաց Հայկ Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է արյան ծառայության զարգացման քաղաքականությանը, ապա Հայկ Գրիգորյանը նշեց, որ նկատելի աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Մասնավորապես, ներկայում աշխատանքներ են իրականացվում միասնական թվային ռեեստրի ստեղծման ուղղությամբ։ Այդ թվային միասնական շտեմարանի ստեղծումը հնարավորություն կտա հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին րոպեների ընթացքում տեսնել, թե որտեղ կա անհրաժեշտ արյուն։ Համակարգն այսօր մասամբ գործում է։ Հաջորդը որակի միջազգային ստանդարտների ներդրումն է։
