Մշակույթ

Թուրք ռեժիսորի երազանքը Հարություն Խաչատրյանի հետ ֆիլմ նկարահանելն է

2 րոպեի ընթերցում

Թուրք ռեժիսորի երազանքը Հարություն Խաչատրյանի հետ ֆիլմ նկարահանելն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ռեժիսոր Էնիս Ռիզայի «Վերամշակելով կյանքը` աղբի մեջ Դոստոեւսկի գտա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացած է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, պատմում է աղբահավաք տղայի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էնիս Ռիզան նշեց, որ աղբահավաք տղան` Օքթայը, 20 տարեկանում ծանոթանում է Դոստոեւսկու արվեստին, ինչը փոխում է նրա կյանքը:

«Թուրքիայում վավերագրական կինոյով զբաղվողները շատ են ուշադրություն դարձնում փողոցի թափառաշրջիկ երեխաների վրա: Մեկ այլ ֆիլմի նկարահանումների ժամանակ գտանք այս ֆիլմի հերոսին»,- ասաց նա: Օքթայը` մուրացկանի, հնահավաքի, աղբահավաքի մի «խառնուրդ» է, նույնիսկ սոսինձ քաշող: Փող ու աղբ է հավաքել փողոցներում, թերթավաճառ է եղել, փողոցի շների հետ նույն բույնն է կիսել: Օքթայի կյանքը Ստամբուլում փոխվում է ուսանողների հետ ունեցած պատահական հանդիպումների, եւ աղբարկղներում գտածգրքերի շնորհիվ: Նա հավաքում է այդ գրքերն ու սկսում կարդալ: Այժմ Օքթայն օգտագործված գրքերի խանութ ունի: Այս երիտասարդի` ոչնչից մարդ դառնալու պատմությունը հույսի եւ ըմբռնման փարոս է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են խորհուրդ լսել:

Թուրք ռեժիսորը նշեց նաեւ, որ Երեւանն իր սրտում տեղ ունի եւ բավականին հաճախ է այցելում Հայաստան: «Իմ երազանքն է հիմա Հարություն Խաչատրյանի հետ ֆիլմ նկարահանել»,- ասաց նա:

«Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում