Մշակույթ

Հարություն Խաչատրյանը Վահան Տերյանի 140-ամյակի առթիվ մեծ գրողին նվիրված ֆիլմ կստեղծի. նկարահանումները կմեկնարկեն հունվարին

2 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանը Վահան Տերյանի 140-ամյակի առթիվ մեծ գրողին նվիրված ֆիլմ կստեղծի. նկարահանումները կմեկնարկեն հունվարին

Կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը վերջապես կյանքի կկոչի իր վաղեմի ցանկությունը. նա մեծանուն գրող Վահան Տերյանին նվիրված ֆիլմ կնկարահանի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Վահան Տերյանի մասին ֆիլմը կլինի մեր կինոարվեստը նոր գլուխգործոցով հարստացնելու ևս մեկ հնարավորություն։ Տերյանի 140-ամյակի շրջանակում կունենանք  մեծանուն գրողի հիշատակն ու նրա ներկայությունը մեր կյանքում ամրապնդող ևս մեկ հրաշալի միջոց»,-ընդգծեց նախարարը։

Հարություն Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ռեժիսորը դեռ 15 տարի առաջ է Տերյանին նվիրված ֆիլմ նկարահանելու հայտ ներկայացրել, սակայն չի հաջողվել համաձայնության գալ համապատասխան անձանց հետ։ «Շատ հետաձգվեց։ Վահան Տերյանին նվիրված կինոնկարը պետք է նկարահանվեր մեր առաջին ֆիլմերի հետ մեկտեղ, քանի որ նման մարդ, նման հանճար քիչ կա աշխարհում»,-ասաց Խաչատրյանը։

Արդեն հայտնի են  նկարահանող խմբի անդամները։ Հարությունյանին են միանալու օպերատորներ Վահագն Տեր-Հակոբյանը և միջազգային լայն ճանաչում վայելող օպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը։ «Մեր օպերատորները շատ լավն են, սակայն միջազգային օպերատորի հետ աշխատելը, որը ճանաչված է և հետաքրքիր ֆիլմեր է նկարահանել, հրաշալի է։ Ֆիլմի ֆինանսավորման առաջին փուլն արդեն եղել է։ Շատ արագ ստացվեց՝ սիրով, ցանկությամբ։ Այնքան անսպասելի էր, որ չկարողացանք միանգամից սկսել աշխատանքը։ Դեռ պատրաստ չէինք, բայց հունվարի 14-ին մեկնելու ենք Ջավախք, գնալու ենք Տերյանի գյուղ, որտեղ չորս կամ հինգ օր նկարահանումներ ենք իրականացնելու։ Նկարահանումներ են նախատեսվում նաև Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Թբիլիսիում, Էջմիածնում և այլուր։ Բավականին մեծ ու ծանր աշխատանք է։ Հույս ունեմ, որ պատվով կկատարենք այն»,-եզրափակեց Հարություն Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում