Մշակույթ

Սերբ ռեժիսորը ցանկանում է Հայաստանում մեկ տարի ապրել եւ ֆիլմ նկարահանել

3 րոպեի ընթերցում

Սերբ ռեժիսորը ցանկանում է Հայաստանում մեկ տարի ապրել եւ ֆիլմ նկարահանել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ ռեժիսոր Գորան Ռադովանովիչը ֆիլմ է նկարահանել Կուբայի հեղափոխության մասին, որը ներկայացված է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթում: Ֆիլմ նկարահանելը բազմաթիվ դժվարություններ է առաջացրել: «Նախ ես շատ վատ գիտեի իսպաներեն, հետո էլ լավ չէի պատկերացնում, թե ինչ է եղել»,- ասաց Ռադովանովիչը` հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժանանակ` հավելելով, որ նա փորձել է մաքսիմալ հասկանալ տեղի բնակիչների արխեատիպը: Այն պահին, երբ հասկացել է, որ էլ տարբերակ չունի եւ պետք է նկարահանի ֆիլմը, սկսել է կամաց-կամաց ուսումնասիրել, սկսել գտնել նմանություն Կուբայի եւ Սերբիայի միջեւ: «Շնորհակալություն իմ կոմունիստ մանկությանը»,- կատակեց ռեժիսորը: Ռադովանովիչը, ծանոթանալով Կուբայի իրականությանը, տեսել է, որ մարդիկ այնտեղ երբեք չեն շարժվում. որտեղ ծնվում են, այնտեղ էլ մահանում են: «Ունեն վախ բոլոր համակարգերի նկատմամբ: Այնտեղ ամեն ինչ հասարակական է, ոչ անձնական: Եվ ես այդ ամենը փորձել եմ պատկերավոր ցույց տալ, այնպես ինչպես կուբացին կնկարահաներ»,- ասաց նա: Ռեժիսորը ցանկություն ունի նաեւ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել, սակայն մինչ այդ ցանկանում է մեկ տարի այստեղ ապրել, ծանոթանալ հայերի հետ:

«Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմը Սիերրա Մաեստրայի բնակիչների ճակատագիրը պատկերված է գաղափարախոսական էքստազի օրը` Կուբայի հեղափոխության 52-րդ տարեդարձին: Հաջորդ օրը, իներցիայի ուժով, բոլորը վերադառնում են առօրյա ռիթմին, որն անփոփոխ է եւ ոչ այնքան խոստումնալից: Բոլորն էլ գիտեն դա: Նույնիսկ բարձրախոսները, որոնք շարունակ 52 տարվա վաղեմության գաղափարական կարգախոսներ են հնչեցնում: Հեղափոխությունը շարունակվում է եւ դեռ չգիտի` որքան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում