2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը վերահաստատել է իր աջակցությունն Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հոլանդն այս մասին հայտարարել է «Մարիան» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
«Հայկական հարցի վերաբերյալ Ֆրանսիայի սոցիալիստների դիրքորոշումը որոշվել է դեռևս Ժան Ժորեսի ժամանակ: Հայերը ջերմ ընդունելություն են ստացել այն համայնքներում, որտեղ իշխող են եղել ձախերը»,- նշել է Հոլանդը:
Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Միտերանը պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսկ նրա գործը շարունակել է Ֆրանսիայի վարչապետ սոցիալիստ Լիոնել Ժոսպենը, ում օրոք էլ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից:
«Այս գործը պետք է ավարտել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելով: Ես կողմ եմ քվեարկել առաջարկված բանաձին և, եթե հարկ լինի, ևս մեկ անգամ կողմ կքվեարկեմ»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:
Սեպտեմբերի 26-ին Ալֆովիլում արած իր հայտնի հայտարարությունից հետո, սա առաջին անգամ է, որ Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածուն վերահաստատում է իր աջակցությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում:
Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Սենատում հունվարի 23-ին: Նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից օրինագծի ստորագրումը կանխեցին մի խումբ պատգամավորներ եւ սենատորներ, որոնք դիմեցին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ` քննելու օրինագծի համապատասխանությունը երկրի մայր օրենքին: Խորհրդի կողմից օրինագծի քննարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ: