Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Տաշիր քաղաքում «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։

«Հատակի և պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն ապահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող և ոչ թունավոր նյութերից։
Առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, և առաստաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու հնարավորությունը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
