Հայաստան

Երևանում մեկնարկել է ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային ֆորումը

3 րոպեի ընթերցում

«Նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ վիճակագրությունում» խորագրով ԱՊՀ IV Միջազգային վիճակագրական ֆորումը
«Նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ վիճակագրությունում» խորագրով ԱՊՀ IV Միջազգային վիճակագրական ֆորումը

Երևանում մեկնարկել է «Նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ վիճակագրության մեջ» խորագրով ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային երկօրյա ֆորումը։

Ֆորումը համախմբել է ԱՊՀ անդամ պետությունների և այլ երկրների ազգային վիճակագրական գործակալությունների ղեկավարներին ու առաջատար մասնագետներին, միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ ՄԱԿ-ի համակարգի, Համաշխարհային բանկի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ միջպետական ​​վիճակագրական կոմիտեի) ներկայացուցիչներին, ինչպես նաև փորձագիտական ​​հանրության անդամներին։

Քննարկումների ընթացքում մասնակիցները կենտրոնացել են վարչական և բազային տվյալների օգտագործման, վիճակագրական վերլուծության ժամանակակից մեթոդների մշակման, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության մեջ արհեստական ​​բանականության կիրառման հեռանկարների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Տրեֆիլովն իր ելույթում նշել է, որ Համագործակցության գոյության 35 տարիների ընթացքում վիճակագրական ոլորտում համագործակցությունը դարձել է ԱՊՀ պետությունների միջև փոխգործակցության ամենակայուն և պրոֆեսիոնալ ուղղություններից մեկը։

«Այն միջավայրը, որում գործում է պաշտոնական վիճակագրությունը, ներկայումս փոփոխությունների է ենթարկվում։ Ավանդական վիճակագրական հետազոտություններն ավելի ու ավելի հաճախ համալրվում են վարչական տվյալներով, տեղեկատվության նոր աղբյուրներով, աշխարհատարածական տեխնոլոգիաներով, ավտոմատացված մշակմամբ և արհեստական ​​բանականության գործիքներով»,- ասել է Տրեֆիլովը։

Նա հավելել է, որ տեխնոլոգիական առաջընթացը միևնույն ժամանակ ոչ միայն նոր հնարավորություններ է բացում վիճակագրական հանրության համար, այլև նոր պահանջներ է առաջադրում։

«Որքան շատ են մեզ շրջապատում տվյալներն ու ալգորիթմները, այնքան մեծանում է ստուգված, մեթոդաբանորեն հիմնավորված և համադրելի տեղեկատվության պահանջարկը։ Այս համատեքստում պաշտոնական վիճակագրության կարևորությունը չի նվազում, ընդհակառակը՝ այն աճում է»,- նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Նա ընդգծել է, որ վիճակագրական հանրությունը կանգնած է երկակի խնդրի առջև՝ ակտիվորեն կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները վիճակագրական տվյալների արտադրության գործընթացում և միաժամանակ ապահովել, որ պաշտոնական տվյալները մնան որպես հուսալի տեղեկատվական հիմք կառավարական որոշումների և նոր թվային համակարգերի համար։

Համաժողովի պանելային քննարկումներից մեկի ընթացքում ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը ենլույթ է ունեցել «Հայաստանում ինտեգրված վարչական ռեգիստրների մշակման և ներդրման մեթոդաբանական աջակցություն. ուղի դեպի պաշտոնական վիճակագրության համար թվային տվյալների աղբյուրների ընդլայնում» թեմայով։

Համաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել ազգային փորձի փոխանակման և, վիճակագրության ոլորտում տեխնոլոգիաների արագընթաց զարգացման պայմաններում, գործնական լուծումների համատեղ որոնման անհրաժեշտությանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում