ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքներն արտացոլում են երկրում առկա ժողովրդավարությունը․ Գալյան
3 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում անցկացված 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական իրականությունը, իսկ ազատազրկված անձինք քվեարկում են սեփական ընտրությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե որքան մեծ է քրեական ենթամշակույթում հեղինակություն ունեցող անձանց ազդեցությունը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վրա։
Պատասխանելով հարցին՝ Գալյանը նշել է, որ վերջին ընտրությունների արդյունքները քրեակատարողական հիմնարկներում պետք է դիտարկել ժողովրդավարական գործընթացների համատեքստում։
«Պետք է նշեմ, որ քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը, այսօրվա քվեարկությունը և նախորդ ընտրությունների քվեարկությունը ուղիղ արտացոլումն է ժողովրդավարության, որը մեր երկրում գոյություն ունի»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ եթե համեմատվեն հեղափոխությունից առաջ և հետո տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, ակնհայտ տարբերություններ կերևան։
«Եթե մենք նայում ենք նախորդ քվեարկությունների արդյունքներին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից առաջ, ապա պատկերը միշտ այլ է եղել»,-նշել է Գալյանը։
Արդարադատության նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների բարելավման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ վերջին երկու ընտրությունների ընթացքում իշխող ուժի օգտին ՔԿՀ-ներում տրված ձայները կազմել են շուրջ 20 տոկոս։
Գալյանը նաև հիշեցրել է, որ ազատազրկված ոչ բոլոր անձինք ունեն ընտրելու իրավունք։
«Այսօր Սահմանադրությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք ընտրելու իրավունք չունեն, իսկ մյուսները հիմնականում կալանքի տակ գտնվող անձինք են»,-նշել է նա։
Նախարարի գնահատմամբ՝ ազատազրկված անձինք քվեարկում են սեփական նախընտրությամբ, և արձանագրված պատկերը մոտ է իրականությանը։
«Նրանք քվեարկում են այնպես, ինչպես ցանկանում են, և կարծում եմ, որ պատկերը օբյեկտիվին մոտ է ամեն դեպքում»,-եզրափակել է Սրբուհի Գալյանը։