Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է մայիսի 18-ից կալանավորված, իսկ մայիսի 21-ից մինչ օրս հացադուլ իրականացնող հասարակական գործիչ Արթուր Օսիպյանի առողջական վիճակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սրբուհի Գալյանն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Գալյանն ընդգծել է, որ Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։
«Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը, նրան առաջարկվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել այն իրողությունների հետ կապված, որոնք, նրա կարծիքով, հանցավոր են։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվի»,-ասաց նա՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմիններն ինչ որոշում էլ կայացնեն, խիստ ցանկալի կլինի, որ Օսիպյանի խափաննման միջոցը փոխվի։
Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը նշել էր, որ Արթուր Օսիպյանը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է և հրաժարվում է բժշկական հետազոտությունից։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Օսիպյանը 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):