3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ նրանից, ինտեգրացիոն գործընթացները կլինեն ԱՊՀ-ի, ԵվրԱզԵս-ի, թե Եվրամիության շրջանակներում, Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով, քանի որ դա առաջին հերթին բխում է երկրի տնտեսվարող սուբյեկտների շահերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը կանդամակցի՞ Եվրասիական տնտեսական միությանը, թե` ոչ: «Ինտեգրացիոն գործընթացները մենք դիտարկում ենք որպես միմյանց փոխլրացնելու միջոց: Սանկտ Պետերբուրգում մենք ստորագրեցինք ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, որի շնորհիվ մեր տնտեսվարող սուբյեկտները կարող են վերը նշված երկրների տարածք արտահանել իրենց ապրանքներն ու ծառայությունները` առանց որեւէ սահմանափակման: Կարծում եմ` սա լուրջ հեռանկար ունի»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Վարչապետը հիշեցրեց, որ ներկայում Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի ԵվրԱզԵս-ում եւ այն ռեժիմները, որոնք նեդրվել են Ռուսաստանի, Բելառուսի, եւ Ղազախստանի կողմից` այդ կառույցի միասնական մաքսային գոտու շրջանակներում, տեխնիկապես հնարավոր չէ ներդնել մեր երկրի համար: «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն` երկիրը, չունենալով ընդհանուր սահման մաքսային միության հետ, անդամակցի դրան: Եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, դա նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել: Այսինքն, մաքսային գոտու բոլոր առավելությունները դուրս են մղվում: Այդ տեսակետից, անիմաստ է դառնում մաքսային միությանն անդամակցելը»,- ասաց գործադիրի ղեկավարը` ավելացնելով, որ այս պարագայում մեր երկրի պատասխանը հասկանալի է գործընկերների համար: Նա նշեց, որ դեռեւս հստակ չէ, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել ԵվրԱզԵս-ի շրջանակներում. ներկայում օրակարգում նոր առաջարկ չկա, որը պետք է Հայաստանը քննարկի:
Միաժամանակ, վարչապետը հույս հայտնեց, որ 2012 թվականին կսկսվեն բանակցությունները Եվրամիության հետ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ: «Եթե Հայաստանում ներդնենք եվրոպական չափանիշներ, ապա դա լրացուցիչ հնարավորություն կտա մեր տնտեսվարող սուբյեկտներին ազատորեն մուտք գործել նաեւ եվրոպական մեծ միասնական շուկա: Այս ուղղություններով շարունակելու ենք մեր համագործակցությունը Եվրամիության մեր գործընկերների հետ»,- ասաց Տիգրան Սարգսյանը: