Վերանորոգվում են Արագածոտնով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները
2 րոպեի ընթերցում
ԱՇՏԱՐԱԿ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վարդեւան Գրիգորյան): Պետական բյուջեով եւ այլ ծրագրերով այս տարի Արագածոտնի մարզում իրականացվում է ճանապարհաշինական 9 ծրագիր: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խ. Ալիյանը, ներկայումս գրեթե բոլորն էլ` բացառությամբ Երեւան - Գյումրի Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի, ավարտվել են: Իսկ այս մայրուղու վրա վերանորոգումներ են կատարվում մարզի տարածքով անցնող 7 կմ. հատվածում: Աշխատանքներն արդեն ավարտվել է 5 կմ.-ի վրա: Մնացած հատվածում գործընթացը շարունակվում է եւ ամբողջությամբ կավարտվի առաջիկայում: Այս ճանապարհի վերանորոգման համար 320 մլն. դրամ է հատկացվել պետական բյուջեից: ՀՀ պետբյուջի միջոցներով շինարարական ծրագրեր են իրականացվել նաեւ Ակունք- Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման, Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման, Թալին- Հացաշեն-Ցամաքասար-Շիրակի մարզ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման` դեպի Արագածոտն գյուղ, Արեվան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհների վրա : Իսկ Համաշխարհային բանկի 280 մլն. դրամ հատկացմամբ վերանորոգվել է Վարդենուտի 3,5 կմ. երկարության ճանապարհը: Նշված ծրագրերից մեծ մասը շարունակական են, եւ դրանցում աշխատանքներ են տարվելու նաեւ գալիք տարում: Պետական բյուջեից հատկացումներ են արվել նաեւ 360 կմ երկարություն ունեցող մարզային նշանակության ճանապարհների ձմեռային պահպանության եւ շահագործման համար: Այդ գումարն այս տարի 89,5 մլն դրամ է` 1,5 մլն-ով ավել նախորդ տարվանից: