Բիշքեկում պաշտոնապես բացվել է Ղրղզստանում Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիշքեկում` Ղրղզստանի կառավարության տան Սպիտակ դահլիճում, Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանը հոկտեմբերի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզստանի Նախագահ Կուրմանբեկ Բակիեւին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ղրղզստան հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին: Շնորհավորելով դեսպան Ղազարյանին Ղրղզստանում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ` նախագահ Բակիեւը նշել է, որ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների ակտիվ համագործակցությունը դրական նախադրյալներ է ստեղծում փոխհարաբերությունների զարգացման համար: Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման եւ խորացման կարեւորությունն ու բարձր մակարդակի փոխայցելությունների անցկացման անհրաժեշտությունը: Նույն օրը դեսպան Ղազարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Ղրղզստանի արտգործնախարար Կադիրբեկ Սարբաեւին: Հանդիպմանը արծարծվել են Հայաստան- Ղրղզստան հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր: Հոկտեմբերի 22-ին Բիշքեկում պաշտոնապես բացվել է նաեւ Ղրղզստանում Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Հայաստանի հյուպատոս Պետրոս Շահինյանին շնորհավորելու են եկել բազմաթիվ հյուրեր: Արարողությանը մասնակցել են Ղրղզստանի ԱԳ նախարարի տեղակալ Էրմեկ Իբրաիմովը, ԱԳ պետական արարողակարգի ծառայության պետ Սեյիթ Ուբուկեեւը, Ղազախստանում եւ համատեղության կարգով Ղրղզստանում Հայաստանի դեսպանը, երկրի օրենսդիր, գործադիր մարմինների, նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: