Հասարակական

Հայաստանը կենսաթոշակների կուտակային համակարգին կանցնի 2011-ից` նախատեսված 2010-ի փոխարեն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, կապված ճգնաժամի բացասական հետեւանքների եւ այդ բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսդրական դաշտում առկա որոշ բացերի հետ, հետաձգվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Ըստ նրա` Հայաստանը նախատեսում էր կենսաթոշակների կուտակային համակարգին անցնել 2010-ի հունվարի 1-ից: Ներկայիս ծրագրերով` դա կիրականացվի 2011-ի հունվարի 1-ից: Կենսաթոշակների կուտակային համակարգը ենթադրում է, որ մինչեւ 40 տարեկան բոլոր անձինք կունենան անհատական կուտակային հաշիվներ, որոնց վրա կփոխանցվեն նրանց կատարած սոցիալական վճարների չափով գումարներ: Հետագայում նրանց կենթոշակը կհաշվարկվի ըստ այդմ: 40-ն անց տարիքի անձանց համար այդ համակարգում ներգրավվելը կամավոր է: Ներկայում գործում է «Սերունդների համերաշխությանե համակարգը, երբ աշխատողները կատարում են սոցիալական վճարումներ, որից տարեցներին վճարվում է կենսաթոշակ, հետո իրենք էլ ստանում են կենսաթոշակ ըստ այդ վճարումների չափի: Գործող համակարգում սոցվճարումներ կատարած անձանց համար հետագայում արդեն կուտակային համակարգում կենսաթոշակ հաշվարկելիս հնարավոր է` ինչ-որ բանաձեւով հաշվարկվի նաեւ մինչ այդ կատարած սոցվճարումների չափը: Կառավարությունն արդեն հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ առաջին քայլերի ձեռնարկման մասին: Վ. Խաչիկյանը գործադիր մարմնի կողմից այդ նպատակադրումը գնահատում է որպես խիզախ քայլ, որը քաղաքական ռիսկ է պահանջում: Ըստ նրա` բնականաբար, կառավարության համար հիմա ավելի հեշտ կլինի պահպանել գործող համակարգը, սակայն այդ դեպքում արդեն 2025-2030թ.-ից հետո կենսաթոշակների վճարման լուրջ խնդիրներ կառաջանան ազգագրական խնդիրների պատճառով: Այսօր արդեն այդ խնդիրները սրված են: Վ. Խաչիկյանի դիտարկմամբ` եթե ԽՍՀՄ-ի տարիներին ամեն 3 աշխատողի միջինում բաժին էր ընկնում 1 թոշակառու, ինչը նշանակում էր, որ ամեն 3 աշխատողի կատարած սոցվճարներն ուղղվում էին 1 կենսաթոշակառուի, ապա այսօր իրավիճակն էականորեն փոխվել է: Ներկայում, կապված ծնելիության նվազման, ինչպես նաեւ աշխատունակ տարիքի շատ քաղաքացիների արտագաղթի եւ գործազրկության հետ, ամեն աշխատողի միջինում բաժին է ընկնում 1.3 թոշակառու: Փաստորեն, աշխատողների վրա սոցիալական բեռը ծանրացել է, ընդ որում` այդ միտումը շարունակվում է: Վ. Խաչիկյանի խոսքով` Հայաստանի ազգագրական վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի կատարած կանխատեսումներով, ըստ վատատեսական սցենարի, 2050թ. Հայաստանի բնակչության թիվը ներկայիս շուրջ 3.2 մլն-ից պակաս է լինելու: ՀՀ-ում ծնելության լուրջ խնդիրներ են երեւան եկել դեռ 1995-ից հետո, երբ ծնունդների տարեկան թիվը նախկին մինչեւ 90 հազարից իջել է 25-26 հազարի: Ճիշտ է, վերջին մի քանի տարիներին Հայաստանում արձանագրվում է ծնունդների թվաքանակի որոշակի ավելացում, մասնավորապես, 2008-ին ծնվել է 42 հազար երեխա, սակայն 2010- 2011թ.թ. այդ աճը նորից կանգ կառնի, հնարավոր են նույնիսկ անկման միտումներ: Դրան ավելանում է նաեւ միգրացիոն հոսքերի թեեւ առավել նվազ տեմպերով, սակայն շարունակումը: Վ. Խաչիկյանի դիտարկմամբ` այդ պատճառով էլ 2020-2030թ.թ. ծնելիության խնդիրն առավել ակնառու կդառնա: «Հայաստանը ներկայում այնպիսի դեմոգրաýիկ վիճակում է, որ հրատապ քայլերի անհրաժեշտություն կա: Հայաստանում ամեն ընտանիք պետք է ունենա նվազագույնը 4 երեխաե,-ասաց նա` նկատելով, որ բազմազավակ ընտանիքներում երեխաներն ավելի կենսունակ են լինում: Այսօր, ըստ Վ. Խաչիկյանի, վերարտադրության գործակիցը Հայաստանում ընդամենը 1.45 է: Այնինչ գոնե վերարտադրության համար այդ գործակիցը պետք է լինի 2.1: Վերարտադրության աճի խիստ բարձր տեմպեր են արձանագրվում Ադրբեջանում, իսկ օրինակ Վրաստանում գրեթե նույն պատկերն է, ինչպես ՀՀ-ում: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով` երկրում ծնելիության ցածր մակարդակին են հանգեցնում նաեւ ընտանիքներում առողջական խնդիրները. բավականին բարձր է անպտղության մակարդակը: Երիտասարդները շատ դժվար են ընտանիք կազմում` սոցիալական խնդիրների եւ ապագայի հանդեպ անվստահության պատճառով: Մեծանում է միայնակների թիվը: Նրա դիտարկմամբ` տնտեսական ճգնաժամը չի ազդել երկրում դեմոգրաýիկ իրավիճակի վրա: Հակառակը, երբեմն, նույնիսկ տնտեսական զարգացման պայմաններում են նվազում ծնունդները, ինչպես օրինակ` եվրոպական մի շարք զարգացած երկրներում է: «Հայաստանը դեմոգրաýիկ առումով գտնվում է պերմանենտ ճգնաժամի մեջե,-ասաց Հ. Խառատյանը` կարծիք հայտնելով, որ երկրում առկա դեմոգրաýիկ հարցերի լուծման եւ ծրագրային ներգաղթի ապահովման ավելի լուրջ պետական քաղաքականություն է պետք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում