Ապրիլի 21-ից կսկսվի փաստաբանական գործունեության արտոնագիրստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու դիմումներիընդունումը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատն ապրիլի 21-ից սկսելու է փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու հավակնորդներից որակավորման քննություններին մասնակցելու դիմումների ընդունումը: Քննություններն անցկացվելու են որակավորման հանձնաժողովի կողմից: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը, քննությունների անցկացման ժամանակացույցը պատրաստ կլինի փաստաթղթերի հանձնումից հետո: Փաստաթղթերի հանձնումը կավարտվի մայիսի 22-ին: Դրանք կարելի է ներկայացնել նաեւ ոչ աշխատանքային օրերին: Դրանից մեկ ամիս անց տեղի կունենա առաջին գրանցումը, որի ժամանակ հավակնորդները կստանան շտեմարան ու քննությանը մասնակցելու կտրոններ: Երկրորդ գրանցումը տեղի է ունենալու գրավոր քննություն-թեստավորման փուլում: Այդ քննությունը կայանալու է ըստ ուղղվածության` քրեական եւ քաղաքացիական բնագավառներից: Հարցաշարում կներառվի 100 հարց, որոնցից 85-ին պատասխանելու դեպքում հավակնորդը կհամարվի գրավոր քննություն-թեստավորումը հանձնած եւ իրավունք կստանա մեկ ամիս անց մասնակցել բանավոր հարցազրույցին, որի համար պատրաստված է 300 տոմս: Յուրաքանչյուր տոմսում կլինի 3 հարց, որոնցից 2-ին պատասխանելու դեպքում հավակնորդը համարվելու է բանավոր քննությունն անցած: Այնուհետեւ, 10 օրվա ընթացքում քննությունները հանձնած հավակնորդները կստանան փաստաբանական գործունեության վկայագրեր, որից հետո իրենց դիմումի համաձայն` պալատի խորհուրդը նրանց կտա փաստաբանական գործունեության արտոնագիր: Ե. Ազարյանը տեղեկացրեց, որ հիմնական փոփոխությունն անցողիկ միավորների քանակի ավելացումն է. նախորդ տարի անցողիկ էր 75 միավորը, այս տարի` 85: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի խոսքերով, անցողիկ միավորի սանդղակի բարձրացումը պայմանավորում է նրանով, որ անհրաժեշտ է նվազեցնել հոսքը դեպի փաստաբանություն: Ըստ նրա` Հայաստանում արդեն գործում է որակավորման քննությունն հանձնած 680 փաստաբան: Ակնկալվում է, որ այս տարի կդիմի մոտ 200 մարդ: Սովորաբար քննությունները հաջողությամբ հանձնում է հավակնորդների 63 տոկոսը, հետեւաբար, ավելի քան 120 մարդ այս տարի եւս կստանա որակավորում: Դեպի փաստաբանություն հոսքի նվազեցումը պայմանավորված է նրանով, որ դեռեւս չկան համապատասխան քանակությամբ գործեր փաստաբանության համար, եւ շատերը, ստանալով արտոնագիր, վարույթում գործեր չեն ունենում: Սա իր հերթին պայմանավորված է բնակչության` իրավաբանին դիմելու մշակույթի բացակայությամբ: Նա տեղեկացրեց նաեւ, որ պալատը չի կարող ամեն տարի քննություն չանցկացնել, քանի որ դա օրենքի պարտադրանք է, միաժամանակ, բուհերը պատրաստում են մասնագետներ, որոնք պետք է հնարավորություն ունենան աշխատելու: Օրենքը նաեւ չի նախատեսում ատեստավորման գործընթաց, հետեւաբար պալատը չի կարող ատեստավորում կատարել եւ զրկել փաստաբանին արտոնագրից. վերջինս տրվում է անժամկետ: Այդուհանդերձ, այս տարի փորձ է արվելու փոփոխություն կատարել օրենքում, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան անցնի ոչ պակաս, քան 20 ժամ շարունակական ուսուցում: Հաջորդ տարի պալատը կունենա փաստաբանական դպրոց, որտեղ հետբուհական ուսում կստանա հավակնորդների մի մասը, դպրոցում կվերապատրաստվի նաեւ հանրային պաշտպանների մի մասը: Պալատի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ հավանորդների կողմից կատավորղ մուծումները կուղղվեն որակավորման քննությունների անցկացմանը: 2006թ-ին հավակնորդներից գանձված գումարից ավելացած միջոցները եւ այս տարվա գումարի որոշ մասը կուղղվի հաջորդ տարի շտեմարանի էական փոփոխությանը: Այն անձիք, ովքեր կհիմնավորեն, որ ի վիճակի չեն համապատասխան վճարումները կատարել, հանձնաժողովի որոշմամբ կազատվեն գումարի վճարման պարտականությունից: