Վեցուկես ամիս տեւած վերանորոգման աշխատանքներից հետո ղողանջել են Թեհրանի առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցու զանգերը

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վեցուկես ամսվա վերանորոգման աշխատանքներից հետո կրկին ղողանջել են Թեհրանի Սբ Սարգիս մայր եկեղեցու զանգերը: Ինչպես հաղորդում է Թեհրանում լույս տեսնող հայկական «Ալիքե օրաթերթը, դեկտեմբերի 17-ին, եկեղեցու վերաբացման առիթով, մատուցվել է ս. պատարագ: Պատարագիչ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը հավատացյալներին ուղղված քարոզում կարեւորել է եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում: «Անցնող վեցուկես ամիսների ընթացքում Սբ Սարգիս մայր եկեղեցու զանգակները լռել էին, քանի որ հիմնական վերանորոգությունների էր ենթարկվում եկեղեցին:… Մեր եկեղեցին միայն ու միայն քարակերտ կառույց չէ, այլ նաեւ ոգեղեն ու հոգեւոր այն կամուրջն է, որ մեզ բոլորիս ոչ միայն իրար է կապում եւ ամրացնում, այլ նաեւ մեզ կապում է մեր Աստծուն, մեզ կապում է մեր Արարչին եւ մյուս կողմից՝ մեզ կապում է մեր հայրերի կյանքին ու հավատքին, որով մենք զորացած եւ ամրացած՝ շարունակում ենք մեր կյանքը՝ միշտ ապագայի տեսիլքովե,-ասել է Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:

Հայերեն