Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ
5 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվարժան Նախագահություն, Մեծարգո գիտնականներ և սիրելի ներկաներ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթք և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայագիտական միջազգային գիտաժողովի մասնակիցներիդ և փառք ու գոհություն մատուցում Բարձրյալին, որ Հայաստանի անկախության վերականգնումով հնարավոր է դարձել նման ընդգրկուն և ներկայացուցչական գիտաժողովի գումարումը հայոց Մայր Հայրենիքում։ Սիրելի հայագետներ, այսօր երջանիկ առիթն ունենք Մեր գնահատանքը բերելու ձեզ հայագիտության ասպարեզում ձեր վաստակյալ ծառայությանց համար։ Մեր գնահատանքը ձեզ` նաև այն նախանձախնդրության համար, որով արձագանքելով Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի Պետական Համալսարանի հրավերին, սեպտեմբերյան այս գեղեցիկ օրերին հավաքվել եք Երևանում` ներկայացնելու վերջին տասնամյակներում հայագիտության բնագավառում կատարված ուսումնասիրությունները, այսօր առկա անհրաժեշտությունները և նախանշելու հայագիտության հետագա ընթացքն ու զարգացումները։ Արդեն մի քանի հարյուրամյակ ուսումնասիրողներին հետաքրքրում են վաղնջական ժամանակներից սկիզբ առնող մեր ժողովրդի պատմությունը և մարդկային քաղաքակրթության ակունքներին առնչվող նրա մշակույթը։ Արդարև, Արարատի փեշերին հազարամյակներ ապրող ու արարող մեր ժողովրդի ժառանգությունը շատ բան կարող է պատմել մարդկության հնագույն անցյալի ու կենսագրության մասին։ Բայց մանավանդ, հոգևոր այն երթի մասին, որ պսակված է Փրկչի Հարությամբ և առ Քրիստոս հավատի կյանքով, որը 4-րդ դարից ի վեր ակունքն է հայի զորության ու դիմագիծը հայ իրականության։ Հայագիտությունը ճանաչել է տալիս հայ ժողովրդի էությունը, քրիստոնյա Հայաստանի ոգին, այն ամենը, ինչ կոչվում է հայի հոգևոր աշխարհ։ Մենք ուրախ ենք, որ այսօր հայագիտության ասպարեզում կարևորվում է նաև ուսումնասիրվող նյութերի հոգևոր շերտի վերհանումը` իբրև գիտական ամբողջականության գրավական։ Ուրախ ենք, որ վերանայվում են մեր պատմության խեղաթյուրումները, միտումնավոր գնահատականները. որ գնալով մեկ ամբողջականության մեջ է ընկալվում Հայ Եկեղեցու ու ժողովրդի պատմությունը և ընդլայնվում է Հայ Եկեղեցական ժառանգության ումսումնասիրությունը, առանց որի հնարավոր չէ ճանաչել հայոց մշակույթը ու ընկալել նրա իմաստն ու նպատակը։ Այս առումով Մենք առանձնակիորեն կարևորում ենք Եկեղեցու և գիտական հաստատությունների սերտ համագործակցությունը, որի արտահայտությունն են հայագիտական ուսումնասիրությունների հրատարակումը մեր եկեղեցու կողմից, ինչպես նաև` մեր հոգևորականաց մասնակցությունը Հայաստանի գիտա-ուսումնական կյանքին։ Կարևորում ենք մեր Եկեղեցու դերը նաև հայաստանյան և արտերկրի գիտնականների աշխատանքների համակարգման և գիտական տեղեկատվության փոխանակման հարցում։ Նման փորձառություն արդեն իսկ ունենք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջագծում վերջին տարիներին իրականացված տարբեր միջոցառումներով։ Գիտության սիրելի նվիրյալներ, Հայաստանի նորօրյա ազատ կյանքով զարգացման նոր հեռաստաններ են բացվել հայագիտության համար։ Ձեր համերաշխ գործակցությամբ իրենց պատասխաններն են գտնելու վիճելի բազմաթիվ հարցեր, առաջ են քաշվելու և լուսաբանվելու նոր հարցադրումներ, փոխվելու են հայ ժողովրդի արդար դատին առնչվող առանձին պետությանց ժամանակավրեպ մտայնությունները, որոնք այսօր այլևս հուզում են ոչ միայն հայ իրականությունը։ Ձեր ուսումնասիրությունները, գնահատականներն ու եզրակացությունները օգնելու են ընդառաջ ելնելու արդի հայ կյանքի հրամայականներին և գտնելու արդյունավետ կարգավորումներ` ի շինություն ազգային մեր կյանքի և ի զորացում մեր Հայրենիքի։ Վերստին հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջունում ենք ձեզ գիտաժողովի բացման առիթով և բարի ընթացք մաղթում ժողովի աշխատանքներին։ Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ այն նոր քայլ դառնա հայագիտության առաջագնաց ճանապարհին։ Թող Տերը միշտ շնորհի մեջ պահպանի ձեզ` պարգևելով ստեղծագործական ավյուն և գիտական նորանոր ձեռքբերումներ։ Ամեն։