Արդիականացում, երիտասարդացում և վիզուալացում. հարցազրույց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ

11 րոպեի ընթերցում

Հայկական ռադիոն 2026 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը։ Այդ կապակցությամբ և՛ Երևանում, և՛ մարզերում բազմաթիվ և բազմաբովանդակ միջոցառումներ են կազմակերպվել:

Կատարված աշխատանքի, ռադիոյի ներկայիս առաջնահերթությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ:

-Պարոն Քոլոյան, որքանով տեղեկացված եմ հոբելյանական տարվա ընթացքում պետք է իրականացվեր 16 և ավելի լայնամասշտաբ միջոցառում։ Կխնդրեմ անդրադառնալ ամենանշանակալի և առանցքային նախագծերին:

-Ամբողջ 2026 թվականը մեզ համար հոբելյանական է։ Հայկական ռադիոյի հիմնադրման վերաբերյալ տարբեր պատմաբաններ տարբեր տվյալներ էին նշում, բայց մեր արխիվում կա 1926 թվականի սեպտեմբերի 13-ին ստորագրված մի փաստաթուղթ այն մասին, որ փորձարկումները հաջող են անցել, և ռադիոն այսօրվանից կարող է աշխատել:

Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման օրը համարվում է սեպտեմբերի 1-ը։ Այդ օրը եթեր հեռարձակվեց պետական ռադիոյի առաջին փորձնական հաղորդումը, որը տևեց 23-ից 25 րոպե։ 2026-ի հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց մայիսի 22-ին. հենց Հանրային ռադիոյի բակում կազմակերպեցինք բացօթյա միջոցառում, խոսք ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախագահի անունից ընթերցվեց ուղերձ, կայացավ համերգ, որի մասին փոքրիկ ֆիլմ ենք պատրաստել։ Ռադիոն ունի չորս նվագախումբ։ Նվագախմբերը ելույթներով հանդես եկան տարբեր մարզերում, Երևանում։ Կարծում եմ՝ մշակութային կյանքը չպետք է կենտրոնանա Երևանում, այն ամեն տեղ պետք է լինի։ Այլ միջոցառումներ ևս կազմակերպվեցին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ նախաձեռնեցինք ուսումնական ծրագիր այն մասին, թե ինչ է ռադիոն, արդյոք երեխաները գիտեն դա։ Մենք ստացանք բազմաթիվ շարադրություններ։  Թողարկվեցին գեղեցիկ փոստային նամականիշ, հուշամեդալ, հրատարակեցինք գիրք՝ հայերեն և անգլերեն: Ցանկանում էինք գրքում ռադիոյի մասին 100 փաստ ներառել, բայց չէինք կարող գերազանցել որոշակի ծավալը, ուստի ավելի քիչ փաստեր ընդգրկվեցին, բայց 100-ը կտեղադրենք մեր կայքում։

Կարևորում եմ ռադիոյի տեխնիկական վերազինումն ու արդիականացումը։ Շուտով կունենանք տաղավար։ Միջոցառումների գագաթնակետն էր Երևանի օպերային թատրոնում օրերս կայացած համերգը, որը շատ լավ անցավ։ Շատ հուզվում էի  համերգից առաջ, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ ռեժիսոր Արամ Սուքիասյանին, որը նաև հանրային խորհրդի անդամ է։ Նրան հաջողվեց համերգն այնպես կազմակերպել, որ այն աշխատեց շվեյցարական ժամացույցի մեխանիզմի պես։ Մնում է եզրափակիչ միջոցառումը. դեկտեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ռադիոյի մասին վավերագրական, հրապարակախոսական ֆիլմը: Պետք է հիշեցնեմ նաև օրերս անցկացված միջազգային կոնֆերանսի մասին, որը կազմակերպեցինք Եվրոպական հեռարձակողների միության աջակցությամբ։ Շատ հետաքրքիր պանելային քննարկումներ եղան, անդրադարձներ արհեստական բանականությանը, հիբրիդային պատերազմներին, ռադիոյին՝ նոր դարաշրջանում և այլն։

-Պարոն Քոլոյան, համաժողովը նաև ուղղված է եղել արդիական խնդիրների վերհանմանը: Կուզեի իմանալ՝ ինչ եզրակացություններ, եզրահանգումներ արվեցին և կա՞ն առաջնային խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:

-Կա մի խնդիր, որն ամեն անգամ խոստանում եմ չարծարծել, բայց չեմ կարողանում։ Այդ խնդիրը ծառացած է հանրային բոլոր հեռարձակողների առաջ, օրինակ՝ BBC-ի, որն ինձ համար պրոֆեսիոնալիզմի գագաթնակետն է։ Խոսքը ֆինանսավորման մասին է։

Նույնիսկ BBC-ում գալիս է այն պահը, երբ ղեկավարները պարզապես ասում են, որ պետությունը չի կարող այդքան գումար հատկացնել: Իմ բոլոր գործընկերները, բոլոր գործադիր տնօրենները փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է վերապրել այդ ֆինանսական դժվարությունները։ Ի վերջո` պետությանն էլ կարելի է հասկանալ։ Բնական է, որ պետությունն ունի իր հաշվարկները։ Այդուհանդերձ պետությունը պետք է հասկանա, որ լրատվությունն այնպիսի արժեք է, որը պետք է պահպանել: Ասել, որ չեն գիտակցում, մեղք կգործեի, որովհետև պետությունը գրեթե կես միլիարդ դրամ է տրամադրում մեզ հոբելյանական տարվա համար։ Մի մասն արդեն ծախսել ենք. մեր շենքը շատ գեղեցիկ է, բոլորը հիանում են, սակայն հին է, հատակը ճռճռում է, սենյակներ կան, որ անմխիթար վիճակում են, հատկապես՝ արխիվը: Այդ ամենը թարմացնում ենք, նորոգում ենք և ամենակարևորը բերում ենք նոր տեխնիկա։ Տեխնիկական վերազինումը կշարունակվի նաև 2027 և 2028 թվականներին։

-Հաճախ Հանրային ռադիոյի մեր գործընկերները նշում են, որ ռադիոն արդեն ցույց է տալիս։ Վիդեոբովանդակությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ  ռադիոյի վրա։ Չկա՞ր մտավախություն, որ այն կարող է խաթարել ռադիոյի դիմագիծը, որը նախ և առաջ խոսքն է, ձայնը։

-Կարող եմ իմ կյանքից մի փոքրիկ էպիզոդ պատմել։ Տարիներ առաջ ռադիոյում երաժշտական հաղորդում էի վարում, հայտնի էի որպես մեծ երաժշտասեր։  Մի անգամ հանդիպում կազմակերպեցինք մեր ունկնդիրների հետ։ Ունկնդիրները ջահել, սիրուն երեխեք էին։ Նրանցից մեկն ասաց. «Վայ, ես ձեզ լրիվ այլ կերպ էի պատկերացնում»։ Այո՛, ռադիոն նախ և առաջ ձայնն է, որը մոգական ուժ ունի, սակայն մեր օրերում առանց պատկերի չի ստացվում: Հիմա հնարավոր է ինֆորմացիա փոխանցել շատ փոքր կրիչներով՝ բջջային հեռախոս, սմարթֆոն, այլ բան։ Մեր խորհրդաժողովի թեմաներից մեկն այն էր, թե ինչպես է պետք վիզուալացնել ռադիոն, որ այն չդառնա վատ հեռուստատեսություն, որովհետև դա շատ հեշտ է. կամերան դրեցիր,  մոնիտորի վրա երևացիր, բազմել ես, խոսում ես, թվում է շատ լավ հեռուստածրագիր է։  Որտե՞ղ է այդ նուրբ սահմանը։ Բոլոր մասնագետները ցանկանում են հասկանալ դա։ Մենք չենք կարող չունենալ վիզուալ շարք. եթե միայն ձայնն է, մարդը կարող է ձանձրանալ:

-Թվում էր՝ կինոն կշղարշի թատրոնը, հեռուստատեսությունը՝ ռադիոն, սակայն այն շարունակում է ապրել և մեր առօրյայի կարևոր մասը լինել։ Կարո՞ղ ենք ասել, որ մարդիկ պարզապես ռադիոյի անհրաժեշտությունը զգում են։

-Ռադիոյի գյուտը մեծագույն առաջխաղացում էր մարդկության համար: Ռադիոն միշտ է պետք, ռադիոն պետք  և՛ ժամանցի, և՛ լուրջ մտորումների համար, բայց անցել են այն ժամանակները, երբ Ամերիկայում Մեծ դեպրեսիայի տարիներին նախագահը ռադիոյով դիմում էր ժողովրդին։ Ռուզվելտը շատ սիրուն ձայն ուներ։ Կինոնկարներում ևս կա այդ դրվագը, երբ մարդիկ հավաքվում են օջախի մոտ, միացնում էին ռադիոն և լսում էին նախագահի խոսքը: Ռադիոն շատ ազդեցիկ մեդիա էր, որը հետագայում փոխարինվեց հեռուստատեսությամբ։ Խորհրդային տարիներին մենք էլ հավաքվում էինք մեծ հեռուստաէկրանի առաջ կարևոր նորություններն իմանալու համար, բայց գալիս է նոր ժամանակաշրջան, և մարդիկ հրաժարվում են հեռուստացույցից։ Երիտասարդները ողջունում են տեխնիկայի զարգացումը և չեն ցանկանում նայել մի բան, որը կընդհատվի գովազդով։

Հիմա նաև բեմ է բարձրանում մի նոր դերակատար՝արհեստական բանականությունը,  որը փոխում է բոլոր կանոնները։ Մի օր այն կարող է քեզնից խելոք գտնվել և կառավարել քեզ։ Դա էլ ուրիշ թեմա է։ Այն կարող է փոխարինել բոլորին, այնպես որ, ոչ ոք չպետք է դափնիների վրա նիրհի, որովհետև այդ վտանգը կա:

-Հույս ունենք, որ այս պարագայում էլ մարդու ստեղծագործական միտքն անսպառ կլինի և ելքեր կգտնի։ Կարևորենք նաև այն, որ մեդիահարթակների ակունքներում պետք է կանգնած լինեն բանիմաց, կիրթ, գրագետ մարդիկ: Ի վերջո՝ Հանրային ռադիոն ոչ միայն տեղեկատվություն է հաղորդում, այլև տարիներ շարունակ պահպանում է մեր մշակույթը: Դուք հրաշալի «Ոսկե ֆոնդ» ունեք, ձեր ստեղծագործական կոլեկտիվները պարբերաբար ելույթներ են ունենում տարբեր բեմերում։ Չմոռանանք նաև Հանրային ռադիոյի ձայները՝ Սարգիս Նաջարյան և այլք։ Շատ եմ սիրում նաև Վահան Արծրունու, Արքմենիկ Նիկողոսյանի և շատ-շատ այլ կարևոր դերակատարների հաղորդումները։ Գուցե շատերը կարծեն, որ վեհ բառեր են, բայց ռադիոն կրթելու, դաստիարակելու գործառույթ ևս ունի։

-Այո, այո։ Բարեբախտաբար մենք ունեցել ենք լեգենդար ձայներ և հիմա էլ ունենք։ Նրանք ասես մեր այցեքարտը լինեն և նույնականացվում են ռադիոյի հետ, օրինակ՝ Սարգիս Նաջարյանը։ Նա շատ սիրուն ձայն ունի։ BBC-ում, Voice of America-ում նման  ձայներ կային։ Ուիլիս Քոնովեր կար, որը ջազի մասին հաղորդումներ էր վարում։ Միայն ձայնի համար ժամերով լսում էի նրան։ Իհարկե, կա մարդ-ձայն, մեզ մոտ եղել են նաև կին-ձայներ՝ Հրաչուհի Ջինանյան, Վերա Հակոբյան։ Նրանք տիտաններ են, որոնք մեզ հետ չեն, բայց կա Սարգիս Նաջարյանը։ Գալիս են նաև նոր ձայներ։ Ռադիոն այդպիսին է. այն ասես անիվ է, որն աշխատում է։ Այսօրվա որևէ հաղորդավար  ժամանակ անց գուցե դառնա լեգենդ։ Դա մշտական արտադրական պրոցես է:

-Իսկ որո՞նք են ռադիոյի ներկայիս առաջնահերթությունները։

-Առաջնահերթություններն ինձ համար մնում են նույնը։ Երբ 2024-ին առաջին անգամ եկա Հանրային ռադիո, նախապատրաստել էի իմ հայեցակարգը, որը հավանության էր արժանացել Հանրային խորհրդում։ Այդ երեք հրամայականներն են՝ արդիականացում, երիտասարդացում և վիզուալացում: Մեզ պետք են նոր ձայներ, մեզ պետք են երիտասարդներ, և այդ երիտասարդները պիտի ավելի լավ անեն այն, ինչը ես չեմ էլ պատկերացնում։  Վիզուալացումը պարտադիր է, բայց հանկարծ չընկնել ծուղակն ու չդառնալ վատ հեռուստատեսություն։ Դա անընդունելի է ինձ համար։ Պետք է արդիականացնել ամբողջ ռադիոն՝ նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ, ինչին շատ պետք է օգնի նոր տեխնիկան։

Երիտասարդներին ասում եմ, որ կարող են միանալ Հանրային ռադիոյի թիմին։ Ասում եմ՝ ջահել լրագրողներ, եկե՛ք, մենք ձեզ կսովորեցնենք այն, ինչ դուք չգիտեք, դուք էլ մեզ կսովորեցնեք այն, ինչ մենք չգիտենք։

-Կարծում եմ՝ շուտով Դուք շատ-շատ ինքնակենսագրականներ կստանաք։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ զրույցի համար։

-Շնորհակալ եմ։

Հայերեն English

Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար. Moldpres

Արդիականացում, երիտասարդացում և վիզուալացում. հարցազրույց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում

10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին

Հայաստանի պատվիրակությունն Աստանայում մասնակցել է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության տարեկան նիստերին

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով

Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում

Եվրոպական ինդեքսները նվազել են - 26/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 26/11/26