3 րոպեի ընթերցում
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Պաշկովի տանը, տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի (ՄՀԳՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել ԱՊՀ երկրների մշակույթի և կրթության նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարներ, ինչպես նաև հիմնադրամի գործընկերներ Համագործակցության անդամ երկրներից։
Երեկոն բացել է ՄՀԳՀ կառավարման խորհրդի համանախագահ Միխայիլ Շվիդկոյը։ Նա ընդգծել է հումանիտար համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ դրա անհրաժեշտության գիտակցումն է հիմք դարձել հիմնադրամի ստեղծման համար։
ՄՀԳՀ գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովի խոսքով՝ անկախ քաղաքական բարդություններից և ֆինանսական դժվարություններից, տարբեր երկրների հասարակ քաղաքացիները ձգտում են շփվել, ընկերանալ և պահպանել մարդկային կապերը։ Նա ընդգծել է, որ հիմնադրամն իր գործունեության ընթացքում կարևորում է մտավոր և մշակութային վերնախավի ներուժը՝ նրանց ձեռքբերումները հասանելի դարձնելով հնարավորինս լայն շրջանակների համար։ Որպես հաջողված նախաձեռնություններից մեկը՝ Իկսանովն առանձնացրել է «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» նախագիծը, որի շրջանակում տարբեր երկրների քաղաքներում կազմակերպվում են հյուրախաղեր, ցուցահանդեսներ և փառատոներ։
Ծրագրի իրականացման տարիներին մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ է ստացել 22 քաղաք։ 2026 թվականին այդ պատվավոր տիտղոսը կրում է Հայաստանի Մեղրի քաղաքը, իսկ 2027 թվականին այն կփոխանցվի Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին։ Հիմնադրամի նախաձեռնություններից են նաև «Համագործակցության նորամուտներ» միջպետական երիտասարդական մրցանակը և ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը։
Հոբելյանական երեկոյի շրջանակում հյուրերը ներկա են եղել նաև երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որի ընթացքում հնչել են ռուս և արտասահմանյան կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ։
ՄՀԳՀ-ն հիմնադրվել է 2006 թվականի նոյեմբերի 17-ին ուժի մեջ մտած՝ Դուշանբեում ստորագրված պայմանագրի հիման վրա։ Հիմնադրամին միացել է ԱՊՀ 9 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Նրա գործունեությանը մասնակցում է նաև Թուրքմենստանը, իսկ ծրագրերում ներգրավված են Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչներ։ ՄՀԳՀ-ի հիմնական նպատակն է աջակցել Համագործակցության երկրների միջև ընդհանուր հումանիտար տարածքի ձևավորմանն ու միջմշակութային երկխոսության զարգացմանը՝ մշակույթի, կրթության, գիտության, մշակութային ժառանգության պահպանության, տեղեկատվության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական նախաձեռնությունների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։