Քաղհասարակությանն ուղղված աջակցությունը պետք է լինի շարունակական ու նաև ցուցաբերվի տարբեր ուղղություններով. Հասմիկ Ազիբեկյան

6 րոպեի ընթերցում

«Արևելյան գործընկերության» շրջանակում Քիշնևում կայացած քաղհասարակության միջազգային համաժողովի պանելային քննարկումներից մեկը կրում էր «Մարդկանց դնելով ԵՄ կապակցվածության օրակարգի կենտրոնում» խորագիրը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ քննարկմանը մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակ, «Համայնքային զարգացման կենտրոն» (Community Center for Development) տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը։

Քննարկման թեման ինքնին կարևոր էր այն առումով, որ Եվրոպական միությունն առաջ է մղում իր «Կապակցվածության օրակարգը» (Connectivity Agenda)՝ միավորելով Եվրոպան, Հարավային Կովկասը, Սևծովյան տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան՝ հիմնականում ուշադրության կենտրոնում պահելով տրանսպորտի, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և առևտրի զարգացման հեռանկարը։

Քննարկման մասնակիցները նշեցին, որ կայուն կապակցվածությունը կախված է ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքներից, այլև մարդկանց, հաստատությունների, ձեռնարկությունների և հասարակությունների միջև առկա ամուր կապերից։

Քաղհասարակության գործընկերությունները, ակադեմիական փոխանակումները, մշակութային համագործակցությունը, երիտասարդների շարժունակությունը, մասնագիտական ​​ցանցերն ու գործարար համագործակցությունը էական նշանակություն ունեն վստահության ձևավորման, փոխըմբռնման խթանման և երկարաժամկետ տարածաշրջանային ինտեգրմանն աջակցելու գործում։

Պանելային քննարկման ընթացքում դիտարկվեց, թե ինչպես կարող են մարդկանց միջև և գործարար շրջանակների միջև կապերը դառնալ ԵՄ-ի միջտարածաշրջանային ներգրավվածության ավելի ամուր հենասյուն։ Ի՞նչ դեր կարող են խաղալ քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը կապակցվածությանն ուղղված ԵՄ-ի օրակարգում, ինչպես նաև սահմաններից անդին համագործակցության ընդլայնման գործում։

Հասմիկ Ազիբեկյանը նշեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը քաղհասարակության Արևելյան գործընկերության համաժողովի հայաստանյան աշխատանքային խումբ-2-ի անդամ է և որ ինքը համաժողովին մասնակցում էր դիտորդի կարգավիճակով։ Բացի դրանից, Ազիբեկյանն Արևելյան գործընկերության ծրագրերից մեկում կրթաթոշակառու է։

«Պանելային քննարկման թեմայի շրջանակում վարողը թեև ընդգծեց, որ քաղհասարակությունը Արևելյան գործընկերության շրջանակում ապահովված է համագործակցության գործիքներով, այդուհանդերձ, հիմնական հարցն այն էր, թե ինչ պետք է անել, որպեսզի ԵՄ-ն ավելի մոտ լինի շարքային քաղաքացիներին, իսկ վերջիններս՝ եվրոպական արժեքներին։ Ես առաջարկեցի հաշվի առնել հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների կարծիքները; Այն կապը, որն այս պահին ԵՄ-ն ապահովում է նաև նման միջոցառումների շնորհիվ, կարող է նպաստել տարածաշրջանների միջև համագործակցության ճանապարհների կառուցմանը։ Բայց եթե ցանկանում ենք միմյանց կապել հասարակությունները, ապա անհրաժեշտ է խորացնել վստահության մթնոլորտը, որպեսզի տարբեր հասարակություններ, ունենալով տարբեր մշակութային արժեքներ, ժողովրդավարական զարգացման տարբեր աստիճաններ, կառավարական տարբեր շահեր, նախ ունենան համապատասխան հարթակ՝ միմյանց միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ապաև խորացման համար»,- ասաց Ազիբեկյանը։  

Նա կարևորեց այն իրողությունը, որ քաղհասարակության ներսում լսելի պետք է լինեն ոչ միայն երիտասարդության ու լրատվամիջոցների, այլև հասարակության մյուս կարևոր շերտերի ներկայացուցիչների ձայները՝ մանկավարժներ, հասարակական և սոցիալական աշխատողներ, բժիշկներ, գործարարներ և այլն։

«Եվրամիության, ինչպես նաև Արևելյան գործընկերության ծրագրերի մեծամասնությունը բյուջեների մասով ուղղված է հիմնականում երիտասարդական կառույցներին ու լրատվամիջոցներին աջակցություն ցուցաբերելուն, մինչդեռ հասարակության մյուս շերտերի ներկայացուցիչները հավուր պատշաճի ներգրավված չեն այդ ծրագրերում, ուստի ես առաջարկեցի այդ բացը ևս լրացնել։ Լավ կլիներ, որ մենք ունենանք տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններ, որպեսզի հասարակության լայն շերտերի ձայնը հասանելի դարձնենք ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում, մասնավորապես՝ ԵՄ-ին»,- նշեց ՀԿ-ի ղեկավարը։  

Ազիբեկյանը պանելային քննարկման ժամանակ առաջադրեց չորս գործնական քայլեր կամ խորհուրդներ։

«Նախ նշեցի, որ պլանավորվող բյուջեներում հասարակության վերոհիշյալ խմբերը պետք է հնարավորություն ունենան օգտվել ֆինանսական միջոցներից, որպեսզի համատեղ իրականացնեն իրական ծրագրեր։ Երկրորդ՝ համայնքային, գյուղական փոքր կառույցները պետք է նույնպես ունենան այդ միջոցներից օգտվելու հնարավորություն։ Երրորդ՝ մասնագիտական փորձի փոխանակումը պետք է լինի  ոչ միայն բուհերի, այլև միջնակարգ մասնագիտական կրթություն տվող հաստատությունների համար։ Բուհերի բազմաթիվ ուսանողներ հնարավորություն ունեն ԵՄ կրթաթոշակների շնորհիվ ուսումը շարունակել Եվրոպայում, մինչդեռ նման հնարավորություն չունեն միջնակարգ պրոֆեսիոնալ կրթական հաստատությունների սաները։ Չորրորդ՝ համագործակցությունը պետք է լինի երկարաժամկետ, առավել ևս, որ խոսում ենք փոխադարձ վստահության ձևավորման մասին»,- ասաց Ազիբեկյանը։

Նրա համոզմամբ՝ հնարավոր չէ հասարակությունները միմյանց մոտեցնել մեկ համաժողովի, մեկ քննարկման կամ կարճաժամկետ ծրագրերի շրջանակում, հետևաբար աջակցությունն, ըստ նրա, պետք է լինի շարունակական ու նաև ցուցաբերվի տարբեր ուղղություններով։    

Հայերեն English

Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ԱՄՆ նախագահի բանագնացը «քաղաքականության գրոսմայստեր» է անվանել Պուտինին ու խոսել ուկրաինական խնդրի կարգավորման հեռանկարների մասին

Որպեսզի ձևավորենք ավելի անվտանգ ու խաղաղ տարածաշրջան, պետք է առաջին հերթին աշխատենք ժողովրդավարությունն ամրապնդելու վրա. Արմինե Մարգարյան

Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք. երեք օտարերկրացի կալանավորված է

Քաղհասարակությանն ուղղված աջակցությունը պետք է լինի շարունակական ու նաև ցուցաբերվի տարբեր ուղղություններով. Հասմիկ Ազիբեկյան

Ղազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ուկրաինական կարգավորումն ու Իրանի շուրջ իրավիճակը

Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել

Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ