Որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ՀՀ ԿԳՄՍ նախարար

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Աշխարհի բազմաթիվ երկրներում այս օրը նշում են՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ շեշտադրելու երեխաների բարօրության և կենսակերպի պատշաճ ապահովման կարևորությունը։ Այս օրը նաև մատնանշում է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը երեխաների նկատմամբ՝ ընտանիքից մինչև դպրոց։

Երեխաների բարօրության նպատակին է ուղղված նաև ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ առանցքում ունենալով երեխայի կրթության իրավունքի իրացումը, մշակութային դաստիարակության հասանելիությունը և առողջ ապրելակերպի հնարավորությունների ապահովումը։

Մեր երեխաները՝ որպես նախադպրոցական կրթության և հանրակրթության շահառուներ, պետության ուշադրության կենտրոնում են, և ակտիվ բարեփոխումների այս փուլը հենց նրանց մասին է։ Սկսած միջավայրի բարվոք պայմաններից մինչև մանկավարժական անձնակազմի մասնագիտական զարգացում ու պատրաստվածություն՝ բոլոր գործընթացներն ուղղված են երեխաների բարօրության ապահովմանը։ Կառավարության մեծածավալ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր դպրոցի, մանկապարտեզի շինարարական աշխատանքի մեկնարկ, կառուցում, միջավայրի ձևավորում, կահավորում առանձնակի հոգածությամբ են իրականացվում: Մեր նպատակն է երեխաների կրթական միջավայրը դարձնել առավելագույնս բարենպաստ և հնարավորություններով ապահովված, որպեսզի ուսումնառության ընթացքում նրանց միակ մտահոգությունը լինի նոր գիտելիքի ու կարողության ձեռքբերումը:

Առանձնակի կարևորել ենք մշակութային կրթությունը՝ մշակութային հաստատությունների հասանելիությամբ, մշակույթի ապակենտրոնացմամբ, ինտեգրված նախագծային աշխատանքների ձևաչափի ներդրմամբ։ Դպրոցական բաժանորդային ծրագիրը մեր երեխաների ամենասպասված իրադարձություններից է՝ բացահայտելու մշակութային հաստատությունների բովանդակությունը: Եվ, ի վերջո, այս նպատակին է ծառայում յուրաքանչյուր ուսումնական տարին որևէ մշակութային թեմայով անցկացնելու գաղափարը։

Այս տարի հատկապես կարևորել ենք մեր երեխաների ընթերցանության խթանումը՝ ուսումնական տարին հայտարարելով Ընթերցանության տարի։ Այս համատեքստում բազմաթիվ մշակութային միջոցառումներ արդեն իսկ կայացել են մեր երեխաների մասնակցությամբ։ Շատերը դեռ առջևում են։

Մենք կարևորում ենք նաև մարմնակրթությունը, որը հաջողության նոր ճանապարհ է երեխաների համար։ Այս նպատակը կյանքի է կոչվում՝ սկսած դպրոցական ճաշարաններում առողջ սննդից մինչև պետական մակարդակով անցկացվող դպրոցական տարբեր մրցաշարեր։ Ուրախալի է արձանագրել, որ տարեցտարի երեխաների հետաքրքրությունն ավելի ու ավելի է աճում սպորտի նկատմամբ։ Պետությունը շարունակելու է ընդլայնել մարզաձևերի ցանկը՝ այն համապատասխանեցնելով ավելի շատ երեխաների նախասիրություններին։

Ակնհայտ է՝ որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակը, այնքան մեծ է նրա մտահորիզոնը, և այնքան մեծ են նրա երազանքները։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա գտնելու սեփական տաղանդների ինքնաբացահայտման բանալին, իսկ պետությունը ջանք չի խնայի՝ ստեղծելու այդ հնարավությունները»։

Հայերեն

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին է նվիրաբերել հացահատիկամաքրիչ 2 մեքենա

Որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀԱՓԿ-ի և ԵՄ-ի գործակցության շրջանակում վերապատրաստում անցած ականազերծողները հավաստագրեր ստացան

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ

Նոյեմբերի 21-ի միջոցառումների անոնս

ԱԺ նախագահն ընդդիմությանը մեղադրել է խաղաղությանը խոչընդոտելու մեջ

Հայաստանի ՀՆԱ-ն այս տարվա երրորդ եռամսյակում հասել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն դրամի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին