Գեղհովիտի Ալբերդ կիկլոպյան ամրոցը

9 րոպեի ընթերցում

Ալբերդ կիկլոպյան դարաշրջանի ամրոցի ավերակները գտնվում են Գեղհովիտ գյուղի արևմտյան հատվածի սարահարթ ու ձվաձև տեսք ունեցող բլրի վրա, Մարտունի գետի ձախափնյա հատվածում։

Այս ամրոցը շատ վաղուց է հայտնի նույնիսկ միջազգային գիտական շրջանակներին ու հիշատակված է նաև միջնադարյան հայ մատենագրության մեջ։

Ինչպես վկայում է 11-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Ասողիկ Տարոնցի պատմիչը, Ալբերդ ամրոցը մ. թ. 899 թվականին ենթարկվել է Բյուզանդայի կայսր Թեոփիլոսի բանակի կործանարար արշավանքին, որից հետո դադարել է գոյություն ունենալուց։ «Սա ի խաղալն իւրում յարևելս կոյս ի սահմանս Հայոց՝ առնու զԾմու բերդն հայոց, զԱսաղին և զՄեծկերտ և զԱլրերդ ի գավառին Գեղամայ»։

Դժվար չէ եզրակացնել, որ հունաց կայսեր արշավանքը տեղի  է ունեցել արաբաբյուզանդական մրցակցության պայմաններում, ճիշտ նույն ժամանակներում, երբ Բագրատունյաց Հայաստանը նոր էր թոթափում արաբական դժնդակ լուծը ու փորձում էր դնել ազգային անկախ պետականության հիմքերը։

Դժվար չէ ենթադրել նաև, որ բյուզանդական սպառազեն բանակը ամրոցն ու բնակատեղին կործանելուց առաջ այստեղից շատ մեծ ռազմավար է վերցրել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ  ժամանակ Ալբերդն ու շրջակա բնակավայրերը, գտնվելով քարավանային ճանապարհների հատման կետում, դարձել էին վաճառաշահ շեներ՝ մեծ եկամուտ ստանալով նաև անասնապահությունից, ձկնորսությունից, հողագործությունից։ Այնպես որ, ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական արշավանքները բացառապես կրել են կողոպտիչ բնույթ։  

Սա Ալբերդ ամրոցի կործանման փաստն ու տարեթիվն է, իսկ ո՞րն է նրա սկզբնավորման ստույգ ժամանակաշրջանը։

Հայ ու միջազգային հնագիտական կարծիքների համաձայն՝ Ալբերդ ամրոցը կառուցվել է Քրիստոսից առաջ  2-րդ հազարամյակի վերջի ու 1-ին հազարամյակի սկզբում։ Ամրոցն իր գոյության հազարամյակների ընթացքում քանիցս վերակառուցվել է ժամանակների պահանջներին համապատասխան։

Այն իշխող դիրք է գրավում ինչպես Մարտունի քաղաքից դեպի Վարդենյաց լեռնանցք  ու Արգիճիի սարահարթ, այնպես էլ Մարտունի գետի ակունքներ ձգվող Մթնաձոր հանդամասի ճանապարհների վրա։

Ալբերդ ամրոցի դիմաց, ձորի հանդիպակաց  բարձունքում է գտնվում Կիկլոպյան դարաշրջանի մեկ այլ ամրոց, որին տրվել է «Ջոջ կողի ամրոց» անվանումը։

Ալբերդը տեղաբաշխված է Միջնադարյան Հայաստանի հռչակավոր ավաններից մեկից՝ Կոթաքաղաքից ընդամենը հաշվված կիլոմետրերի վրա։ Ալբերդի արևմտյան թևում Մադինայի կիկլոպյան ամրոցի ու քարայր կացարանի ավերակներն են՝ դարձյալ  հաշվված մի քանի կիլոմետրի վրա։ Նրանից հարավ-արևելք տեղաբաշխված է Մթնաձորի կիկլոպյան ամրոցը, որը հնագետ Գեդեոն Միքայելյանի մոտ նշված է «Դաշտադեմի ամրոց» անունով։ Ալբերդի դիմաց է ժամանակին կառուցվել Թուխ Մանուկ մատուռը, ուր օրեր շարունակ հանգիստ են առել Քրիստոնեական եկեղեցու հայտնի քարոզիչ Մամասի մասունքները։ Ալբերդին շատ մոտ է գտնվում նաև Գեղհովիտի սուրբ Գևորգ եկեղեցին, որը թեև համարվում է 15-16-րդ դարերի կառույց, սակայն իր տարածքում կրում շատ ավելի վաղ դարաշրջանների մշակութային հետքեր։

Ալբերդից մեկ-երկու կիլոմետր հարավ էլ փռված է պատմական մեկ այլ միջավայր՝ Մթնաձորի երեք ավերված գյուղատեղիների պատմական գերեզմանոցներն ու Սուրբ Ստեփանոս եկեղեցին ու «Հերի Բերդ» ամրոցը։  

Այս ամրոցի մասին առաջին գիտական ուսումնասիրությունը կատարել է անվանի հնագետ Գեդեոն Միքայելյանը։ «Ամրոցը բռնում է մոտ մեկ հեկտար տարածություն, նրա երկարությունը կազմում է շուրջ 150 մետր, իսկ միջին լայնությունը՝ 65 մետր։ Պարիսպներն անցնում են բարձունքի եզրերով։ Ամրոցն ունեցել է երեք շարք պարիսպներ, որոնց հեռավորությունը միմյանցից 15-20 մետր է։ Վերջին՝ գլխավոր պարսպի չորս անկյուններում երևում են աշտարակների հիմքեր, որոնցից հարավարևմտյանը մենք մասամբ պեղեցինք։ Աշտարակների քարերը տաշված են, առավել ողորկ կողմերը դարձված են դեպի դուրս։ Շարվածքի տեխնիկան հիշեցնում է Լճաշենի ամրոցի առաջին միջնաբերդի հյուսիսային մուտքի աշտարակը։ Աշտարակի ճակատն  ունի 6,8 մետր երկարություն և 3,65 մետր լայնություն։ Աշտարակի պեղման ժամանակ հայտնաբերվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, օբսիդյան քարի փշրանքներ։ Հողի մեջ կային հում աղյուսի կտորներ։ Ամրոցի ներսում, ինչպես նաև նրա արևմտյան լանջում, երևում են քառանկյունի կացարանների պատերի մնացորդներ։ Բարձունքի հյուսիսային ստորոտում գյուղացիները երկու մետր խորությունից գտել են սյան երկու քարե խարիսխ, սրանց հետ նաև միջին մեծության մի կարաս։ Գտնվել է նաև կիսափտած մի գերան և մի սրբատաշ բազալտ քար (0,63 X 0,55 X 0,24 խորանարդ մետր)։ Քարի մի կողմը կլորացված է, որ հիշեցնում է քիվի քար։ Ամրոցում ջուր չկա, սակայն, գյուղացիների պատմելով, վերևի լեռնային աղբյուրի շրջակայքում վարելիս գտել են կավե փողրակների կտորներ, ենթադրվում է, որ ջուրն այդ կավե խողովակներով բերվել է ամրոց։ 1931  թվականին Գեղհովիտ գյուղում գտնվել է մի արամեատառ արձանագրություն, որը գտնվում է Հայաստանի Պետական պատմական թանգարանում։ Ամրոցի շրջակայքում, Գեղհովիտ գյուղի և  Մարտունի ավանի միջև ընկած տարածության վրա կան բազմաթիվ դամբարաններ»,-գրում է Գեդեոն Միքայելյանը «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները» գրքում։

Ալբերդ ամրոցում հնագիտական պեղումների և ուսումնասիրությունների երկրորդ փուլը սկսվել է 1990-ական թվականների վերջերին՝ հայ-իտալական հնագիտական միացյալ արշավախմբի կողմից, որը գլխավորում էին հայտնի հնագետ-ուրարտագետներ Սիմոն Հմայակյանը և Ռաֆայելե Բիշիոնեն։ Արշավախմբի կազմում էին նաև հնագետներ Նեդա Պարմեջիանին, Հայկ Հակոբյանը, Գարիկ Թումանյանը, գեոդեզիստ Ժորա Շեկյանը, ճարտարապետ Հովհաննես Սանամյանը։

«Մեր արշավախմբի գլխավոր նպատակը սկզբնական շրջանում մաքուր ուրարտական հուշարձանների ուսումնասիրությունն էր, պատմագիտական նոր արժեքների բացահայտումը Սևանա լճի ավազանում, որտեղ ժամանակին Ուրարտու պետությունն ունեցել է բավականին նկատելի ու  տևական ներկայություն։ Սակայն մեր աշխատանքների ընթացքում համոզվեցինք, որ մաքուր ուրարտական հուշարձաններ, որպես այդպիսին, գոյություն չունեն Սևանի ավազանում, քանի որ ուսումնասիրության նպատակով ցուցակագրված, մեր աշխատանքային ծրագրում ներառված ավելի քան երկու տասնյակ ամրոցներում առկա են պատմամշակութային մի քանի շերտեր, որոնցից մեկի օրինակն էլ Ալբերդ ամրոցն է։ Այսպես, պեղումներով հաստատվեցին, որ ամենավերին շերտում գործ ունենք միջնադարյան, հաջորդ շերտում՝ հետուրարտական Հայաստանի պատմամշակութային շերտի հետ։ Ուրարտական մշակույթին հանդիպեցինք միայն երրորդ շերտում՝ հասնելով աղյուսե շինություններին, որը յուրահատուկ է միայն ուրարտական ժամանակաշրջանի կառույցներին։ Իսկ դրանից ցած, արդեն չորրորդ շերտում, նախաուրարտական կամ Հին Հայաստանի մշակութային շերտն է, որի վրա էլ բարձրացել է ուրարտական քաղաքակրթական շերտը»,-նշել է արշավախմբի համաղեկավար, հնագետ  Ռաֆայելե Բիշիոնեն։

Ալբերդ ամրոցը գտնվում է Արգիճի գետի արևելյան ափին մոտիկ, նրա ստորին հոսանքներում, ուստի և անհնար է, որ այն չունենա ջրամատակարարման համակարգ, որը կարող էր սնվել ինչպես գետի վերին հոսանքներից, այնպես էլ հարավային կողմի բարձրադիր լեռնալանջերից բխող հորդ աղբյուրներից։

Իսկ Գեղհովիտից գտնված արամեատառ արձանագրությունը փաստում է այն մասին, որ Ալբերդը շեն ու հզոր ամրոց ու բնակատեղի է եղել նաև Արտաշիսյան հարստության օրոք։

Հետագա տարիներին Ալբերդում հնագիտական պեղումները չշարունակվեցին, մեծ ծախսեր պահանջող աշխատանքների պատճառով հնարավոր չեղավ  ամրոցը հողից մաքրել ամբողջությամբ կամ մասամբ, բացահայտել նոր իրողություններ։ Սակայն եղածն էլ քիչ չէ՝ գաղափար կազմելու այն մասին, որ գործ ունենք միջազգային հնչեղություն ունեցող պատմական հուշարձանի հետ, որ այստեղ դարավոր գաղտնիքներ կան դեռևս թաղված հողի հաստ շերտի տակ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, պատահաբար գտել են մարդիկ, որոնց մասին և վկայում է Գեդեոն Միքայելյանը։ Սա միաժամանակ խոսում է այն մասին, որ Ալբերդ ամրոցի տարածքը միշտ եղել է խիտ բնակեցված, ապրել եռուն ու ստեղծագործ ընթացքի մեջ, ստիպված է եղել նաև հաճախակի դիմագրավել նվաճող ու ասպատակող բանակներին։

Հայերեն

Թրամփը Չինաստան այցից առաջ հայտարարել է Ֆիլիպինների հետ պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու մասին

Ֆինանսների նախարարն աղքատության նվազում է ակնկալում կենսաթոշակների բարձրացումից ու առողջության ապահովագրությունից

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանի հետ

Գեղհովիտի Ալբերդ կիկլոպյան ամրոցը

Խորհրդարանական ընդդիմությունը Սահմանադրության շուրջ քննարկումների առանցքում դնում է Անկախության հռչակագրին հղումը

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը

Պակիստանի քաղաքացուն 27,5 տարվա ազատազրկման են դատապարտել Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու համար

Հայաստանը նպատակ ունի ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը բոլոր հիմնական շուկաներ. Գևորգ Պապոյան

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին