Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության խորացման հեռանկարները, նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Մոնիկա Սանդրին ներկայացրել է UNHCR-ի մանդատի շրջանակում Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջնահերթությունները՝ ուղղված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց իրավական և սոցիալական ինտեգրմանն ու անհրաժեշտ ծառայությունների հասանելիության ապահովմանը։ Աննա Կարապետյանն էլ ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով արդարադատության մատչելիության ապահովմանը, անվճար իրավաբանական օգնության համակարգի գործունեությանը, թարգմանչական ծառայությունների հասանելիությանը, նաև դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։
Կողմերն անդրադարձել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ քննարկելով UNHCR-ի մանդատի շրջանակում այս ուղղություններով գործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համատեքստում։