Գեղարքունիքում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շահառու կանայք ստացել են բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումներ
2 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքներում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի 10 կին շահառու ստացել է ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը, ծրագրի շահառու 10 կանանց տրամադրվել է չժանգոտվող պողպատից սեղան և պանրագործական վաննա, մոտոկուլտիվատոր և խոտաղացներ, ոչխարաբուծության, ճագարաբուծության և մեղվաբուծության համար անհրաժեշտ պարագաներ, վակումային փաթեթավորման սարք, ինկուբատորներ, ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաներ։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, որպես «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի իրականացնող կողմ, աջակցել է տարբեր ոլորտներում սեփական գործը զարգացնող կանանց՝ նպաստելով նրանց տնտեսական անկախությանն ու ձեռնարկատիրական նախաձեռնությունների առաջխաղացմանը։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցություն է ստացել 37 կին՝ ինչպես արդեն գործող բիզնեսների զարգացման և ընդլայնման, այնպես էլ նոր ձեռնարկատիրական նախաձեռնությունների մեկնարկի նպատակով։ Շահառու կանանց ձեռնարկատիրական գործունեությունն ընդգրկում է բազմազան ոլորտներ՝ գեղեցկության ծառայություններ, հրուշակագործություն, կարի արտադրություն, չրի պատրաստում, գյուղատնտեսություն և ագրոպարենային արտադրություն։
«Ստացված աջակցությունը կնպաստի աշխատանքային գործընթացների թեթևացմանը, ժամանակի և ռեսուրսների խնայողությանը, արտադրողականության բարձրացմանը և սեփական բիզնեսի հետագա զարգացմանը»,-ներկայացրեց Անահիտ Գևորգյանը։