Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները
3 րոպեի ընթերցում
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը
63–72 տարեկան քաղաքացիները շարունակում են ունենալ տնտեսական ներուժ, և պետության քաղաքականությունը պետք է խրախուսի նրանց ակտիվությունն ու գործարար նախաձեռնությունները։ «Թոշակառու» բնորոշումը չպետք է մարդկանց հեռացնի տնտեսական կյանքից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավագ սերնդի բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի քննարկման ժամանակ։
Վարչապետը նշել է, որ կյանքի տևողության և ժամանակակից կենսակերպի պայմաններում անհրաժեշտ է վերանայել տարիքի մասին տարածված պատկերացումները։
«Լավ լուրն այն է, որ 21-րդ դարում, հիմա՝ կոնկրետ այն ժամանակաշրջանում, որ մենք ապրում ենք, 63 տարեկանը մեծ թիվ չէ։ Այսինքն՝ 63 տարեկան մարդը ծեր չէ։ 64 տարեկան մարդն էլ ծեր չէ, 65 տարեկան մարդն էլ ծեր չէ, 70 տարեկան մարդն էլ ծեր չէ, 72 տարեկան մարդն էլ ծեր չէ»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ տարիքի քաղաքացիներն ունեն գիտելիք, փորձ և տնտեսական գործունեությամբ զբաղվելու կարողություններ, որոնց իրացման համար պետք է հնարավորություններ բացել։
«Այս մարդիկ՝ մեր սիրելի հայրենակիցները, ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական ներուժ։ Ոչ միայն ունեն տնտեսական ներուժ, այլև, ընդհակառակը, մենք շատ դեպքերում մարդուն այդ թոշակառու պիտակը կպցնելով, ըստ էության, նպաստում ենք նրանց տնտեսական ապաակտիվացմանը»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը նաև կարևորել է ծրագրի մասին խոսելիս կիրառվող ձևակերպումները։ Անդրադառնալով գործարար հմտությունների զարգացման անհրաժեշտությանը՝ նա շեշտել է, որ այդ տարիքի մարդկանց չի կարելի ի սկզբանե ներկայացնել որպես գործարար կարողություններ չունեցող անձանց։
Վարչապետը համեմատություն է անցկացրել սպորտի հետ՝ նշելով, որ նույնիսկ աշխարհի չեմպիոնը մրցումից առաջ մարզվում է։ Նրա խոսքով՝ ծրագրի կրթական բաղադրիչի նպատակը մարդկանց պատրաստելն ու քաջալերելն է՝ վերականգնելու, ակտիվացնելու կամ ընդլայնելու գործարարությամբ զբաղվելու ցանկությունը։
Նա կարևորել է նաև դասընթացների ընթացքում մասնակիցների միջև համագործակցության և համատեղ նախաձեռնությունների ձևավորման հնարավորությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ այս տարիքային խմբում արդեն կան բազմաթիվ աշխատող կամ սեփական տնտեսական գործունեությունը իրականացնող քաղաքացիներ։ Նոր ծրագրով Կառավարությունը նպատակ ունի այդ ներուժի իրացումը խրախուսող լրացուցիչ հնարավորություն ստեղծել։
Կառավարության հաստատած ծրագրով 63–72 տարեկան քաղաքացիներին նախատեսվում է առաջարկել անվճար ձեռնարկատիրական ուսուցում և գործարար ծրագրերի իրականացման համար մինչև 2 միլիոն դրամ աջակցություն։