ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի
2 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ ակումբները ձայների մեծամասնությամբ հաստատեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության փոփոխությունների փաթեթը։
Այսպիսով՝ ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար այլևս պարտադիր չի լինի հայերենի իմացությունը և վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բնակված լինելը։
Հաստատվել է նաև առաջարկվող մյուս փոփոխությունը, որով սահմանվել է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։ Նախորդ կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ էր համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել էր քառամյա ժամկետի աննշան մասը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխությունները հաստատվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում։
Քվեարկության մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասաց, որ ՀՖՖ 34 անդամներից արտահերթ ժողովին մասնակցում է 31-ը, իսկ առաջարկվող փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 24 ձայն։
Առաջարկվող փոփոխությունները ստացան 29 կողմ և 2 դեմ ձայն։ ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ առաջարկվող փոփոխություններն ընդունված են և կանոնադրական փոփոխությունները 29 կողմ ձայնով ուժի մեջ են մտնում։
Արմեն Մելիքբեկյանը նաև հայտարարեց, որ այս տարվա դեկտեմբերի երկրորդ կեսին տեղի կունենան նաև ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները։
«Ընտրությունների օրը, տեղը և ժամը կսահմանի գործադիր կոմիտեն, ուղղակի այսօր կարող ենք ասել, որ դրանք կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին»,- նշեց Մելիքբեկյանը՝ ՀՖՖ արտահերթ ժողովը հայտարարելով փակված։
Նշենք, որ առաջարկվող փոփոխություններին դեմ են քվեարկել «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբները։