Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Գյումրիի Վարդբաղ թաղամասի 9-հարկանի շենքերում մեկնարկել են 1988 թվականից ի վեր չբնակեցված բնակարանների հիմնանորոգման և ներքին հարդարման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գյումրիի համայնքապետարանից, վերանորոգված բնակարանները կհատկացվեն սոցիալապես ծանր պայմաններում հայտնված, անօթևանի կարգավիճակ չունեցող, սակայն ժամանակավոր տնակներում բնակվող բազմազավակ ընտանիքներին։

Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող բնակարանները տարիների ընթացքում մատնվել էին անուշադրության։ Դրանք լցված էին կուտակված աղբով ու անպիտան իրերով, իսկ պատերն ու ներքին հարդարանքը գտնվում էին խիստ վատթար վիճակում՝ բնակարանները դարձնելով բնակության համար ոչ պիտանի։

Համայնքապետարանի նախաձեռնած ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է 13 բնակարան։ Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ նորոգվում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, իրականացվում են ներքին հարդարման և բնակարանները բնակության համար պիտանի դարձնելու այլ անհրաժեշտ աշխատանքներ։

Ծրագիրն ունի սոցիալական նշանակություն․ նորոգված բնակարանները նախատեսված են ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն բազմազավակ ընտանիքների համար, որոնք չունեն անօթևանի կարգավիճակ, սակայն բնակվում են ժամանակավոր տնակներում։

Վարդբաղ թաղամասում բնակարանների հիմնանորոգման և ներքին հարդարման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերին։

Հայերեն