2 րոպեի ընթերցում
Երևանում շինարարական աղբի ապօրինի թափման համար նախատեսված տուգանքները կարող են խստացվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ շինաղբը կենցաղային աղբամաններում թափելու դեպքերը համատարած բնույթ են կրում։
Ավինյանը նշեց, որ Բաղրամյան պողոտայում տեսախցիկների միջոցով հայտնաբերվել են շինաղբն աղբամանի մեջ լցրած անձինք, որոնք տուգանվել են 30 հազար դրամով։
«Սա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում և աղբամանի մեջ լցնում իրենց շինաղբը, որը արգելված է, անթույլատրելի է։ Կարծում եմ՝ սրանից հետո իրավախախտումների նոր կազմակերպվող միավորը պետք է արձանագրի այս տեսակի խախտումները։ Այս տեսակի խախտումները, կարծում եմ, նաև կարելի է որոշ չափով ավտոմատացնել։ Կարծում եմ՝ նաև տուգանքների չափով կարելի է որոշակի խստացման գնալ, որովհետև իրականում սա շատ համատարած երևույթ է, և պետք է պայքարել այդ երևույթի դեմ»,– ասաց քաղաքապետը։
Ավինյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի նախատեսվում է Երևանում տեղադրել շինաղբի հավաքման համար նախատեսված հատուկ տարաներ։ Արդեն ձեռք է բերվել 50 տարա, ևս 50-ը կգնվի։
«Այսինքն՝ Երևանում 100 տեղ մենք ունենալու ենք շինաղբ տեղափոխելու համար նախատեսված հատուկ տարաներ»,– ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ դրանց օգտագործումը կարող է լինել վճարովի։