4 րոպեի ընթերցում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիչներն ու մեդալակիրներն ամփոփեցին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքները։
«Հավաքականի ընդհանուր մասնակցությունը գնահատում եմ գերազանց։ Մինչ այս նման բան չէր եղել, որ աշխարհի առաջնությանը մասնակցեինք չորս մարզիկով, և բոլորն էլ մեդալակիր դառնային, իսկ մենք ունենայինք աշխարհի երկու չեմպիոն։ Ամենաբարդ մրցակցությունը նժույգ-թափերի մրցումն էր, որը տարբերվում էր մյուս գործիքների մրցումներից»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով՝ թիմի հաջողության գրավականը միասնությունն է՝ մեկ ընտանիքի պես գործելը։
«Մեր տղաներն արեցին այն, ինչին ունակ էին, և արժանի են մեծ գովեստի։ Մենք շնորհակալ ենք հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին՝ մեր կողքին լինելու և մեզ այս կետին հասցնելու համար»,- նշեց նա։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանի կարծիքով՝ աշխարհի այս առաջնությունում իր վարժությունում հանդես եկող մյուս մարզիկները շատ սխալներ թույլ տվեցին։
«Ինքս գոհ չեմ իմ կատարումից, քանի որ չկարողացա այնպես լավ կատարել վարժությունը, ինչպես կարող եմ։ Գուցե ամեն ինչ ավելի հաջող դասավորվեր, եթե նույն մաքրությամբ կատարեի վարժությունը, ինչպես Եվրոպայի առաջնությունում»,-ասաց Ավետիսյանը։
Աշխարհի առաջնության արդեն կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի խոսքով՝ այս առաջնությանը նա մասնակցում էր թեթև վնասվածքով և նախապատրաստական փուլում մարզումային ամբողջական ցիկլ չէր անցել։
«Անչափ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց ևս մեկ անգամ աշխարհի չեմպիոն դառնալ։ Ինձ համար ամեն ինչ դժվար էր, քանի որ Եվրոպայի առաջնությունում շատ մոտ էի չեմպիոնությանը, բայց ոչինչ չստացվեց։ Սակայն սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում»,-հավելեց նա։
Աշխարհի առաջնության նորընծա չեմպիոն Համլետ Մանուկյանը ԱԱ-ում ունեցած հաջողությունը համարում է մարզիկների և թիմային աշխատանքի արդյունք։
«Ուրախ եմ մեդալի համար, առավել ուրախ եմ իմ ընկերների մեդալների համար։ Շնորհակալ եմ մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ օգնել են ինձ այս ճանապարհին։ Մեծ սպասելիքներով էի մեկնել աշխարհի առաջնությանը»,-ասաց Մանուկյանը։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանի համար ԱԱ-ի եզրափակիչը բարդ և մրցակցային էր։
«Մենք մինչև աշխարհի այս առաջնությունը շատ մեծ աշխատանք էինք կատարել։ Մեզ պետք էր աշխարհի առաջնությունում անել այն, ինչ մարզումների ժամանակ միշտ անում ենք մեր մարզիչների հետ»,-շեշտեց նա։
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոններ դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ) և Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ) ու Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր) նվաճեցին բրոնզե մեդալներ։
Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Հակոբ Սերոբյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Հայկ Նազարյան
Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Արթուր Դավթյան, Հակոբ Սերոբյան
Հայկ Նազարյան
Արթուր Դավթյան, Հակոբ Սերոբյան
Հակոբ Սերոբյան
Հակոբ Սերոբյան, Հայկ Նազարյան
Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Արթուր Դավթյան, Հակոբ Սերոբյան, Հայկ Նազարյան, Արթուր Ավետիսյան
Արթուր Դավթյան
Արթուր Ավետիսյան
Հակոբ Սերոբյան
Մամիկոն Խաչատրյան
Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Արթուր Դավթյան, Հակոբ Սերոբյան, Հայկ Նազարյան, Արթուր Ավետիսյան
Համլետ Մանուկյան
Արթուր Դավթյան
Մանրամասները՝ տեսանյութում։