Ռոբերտ Աբիսողոմոնյանը մանրամասներ է ներկայացրել COP17-ի նախարարական հատվածի ընթացքից

4 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի  բարձր մակարդակի հատվածը մեկնարկել է նախարարների և պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ պլենար նիստով։

Քննարկումների առանցքում կենսաբազմազանության պահպանության քաղաքական առաջնահերթություններն ու ֆինանսավորման հարցերն են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հատվածի շրջանակում նախատեսված է երկու պանելային քննարկում։ Առաջինը նվիրված է կենսաբազմազանության պահպանության քաղաքական հարցերին, իսկ երկրորդը՝ կենսաբազմազանության ֆինանսավորմանը։

Պլենար նիստը կշարունակվի նաև հոկտեմբերի 28-ին՝ երկրների ազգային հայտարարություններով։

«Կողմերից ունենք շուրջ 150 բարձրաստիճան մասնակից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից՝ շուրջ 50 բարձրաստիճան մասնակից»,- նշեց Աբիսողոմոնյանը՝ հավելելով, որ նախարարները, պլենար քննարկումներից բացի, մասնակցում են նաև բազմաթիվ հարակից միջոցառումների։

Աբիսողոմոնյանը նշեց, որ այս երկու օրերին նախատեսված են նաև COP17-ի նախագահության նախաձեռնությունների մեկնարկի արարողություններ։ Նա հիշեցրեց, որ  հոկտեմբերի 26-ին մեկնարկել էր կենսաբազմազանության վրա բացասական ազդեցություն ունեցող խթանները դրական խթաններով փոխարինելու նախաձեռնությունը։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան հայտարարվել է նաև կենսաբազմազանության տեխնոլոգիական հաբի ստեղծման մասին։

Նրա խոսքով՝ կենսաբազմազանության ոլորտում ստանձնած հանձնառությունների իրականացման առաջընթացը գնահատելու համար երկրները պետք է ներկայացնեն հաշվետվություններ, որոնց պատրաստումը պահանջում է մեծ ծավալի տվյալների հավաքագրում և մշակում։

«Տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ է օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։ Հայաստանի կողմից մի շարք գործընկերների հետ համատեղ նախաձեռնվել է այս գործընթացը։ Հուսանք՝ այն շարունակական բնույթ կունենա, և կկարողանանք այն ներդնել հատկապես զարգացող երկրներում, որոնք մեծ դժվարություններ ունեն տվյալների հավաքագրման և պատշաճ հաշվետվությունների ներկայացման հարցում»,- ասաց  նա։

Աբիսողոմոնյանի խոսքով՝  նախաձեռնությունը կարող է նպաստել նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին վերանայման գործընթացին և մինչև 2030 թվականը հայտնաբերված բացերի լրացմանը։

Անդրադառնալով հարցին, թե նախարարական համաժողովի ավարտին ո՞րն է համարում Հայաստանի նախագահության գլխավոր ձեռքբերումը՝ Աբիսողոմոնյանը նշեց, որ դժվար է առանձնացնել մեկ արդյունք՝ հաշվի առնելով քննարկումների ծավալն ու նախաձեռնությունների բազմազանությունը։

«Այս ընթացքում քննարկել ենք ավելի քան 50 փաստաթուղթ, ունեցել ենք ավելի քան 400 հարակից միջոցառում, տասնյակ զուգահեռ միջոցառումներ, ինչպես նաև մեր չորս նախաձեռնությունները։ Դրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ոլորտում առկա մարտահրավերների հասցեագրմանը։ Այժմ քննարկվում է նաև «Երևանյան ուղի» նախաձեռնությունը, որը ներառված է որոշման նախագծում և նպատակ ունի երկրներին տրամադրել ճանապարհային քարտեզ՝ հետագա աշխատանքների իրականացման համար։ Նախաձեռնության նպատակներից է նաև ապահովել շարունակական գործընթաց՝ կենսաբազմազանության ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների լուծման ուղղությամբ»,-հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի հարևան երկրների ներկայացուցիչները մասնակցո՞ւմ են բարձր մակարդակի հատվածին՝ Աբիսողոմոնյանը տեղեկացրեց, որ Վրաստանը համաժողովին ներկայացված է շրջակա միջավայրի նախարարի, իսկ Թուրքիան՝ շրջակա միջավայրի հարցերով փոխնախարարի մակարդակով։  

Հայերեն English

Մոսկվայում անցկացվում է Գազ արտահանողների ֆորումը՝ Պուտինի, Փեզեշքիանի և այլ ղեկավարների մասնակցությամբ

Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ

Շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը կախված չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումից․ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է Նարեկ Կարապետյանին

Արարատ Միրզոյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը խաղաղությանը չնպաստող է համարել

Ոսկյա զարդեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն․ Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մանրամասներ է ներկայացրել COP17-ի նախարարական հատվածի ընթացքից

ՀՀ վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Նարեկ Կարապետյանը դրական է գնահատել Խաղաղության խորհրդի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա