Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներում է. Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները
5 րոպեի ընթերցում

Հանքարդյունաբերության մրցունակության բարձրացումը, արտադրական գործընթացների թվայնացումը, արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը դարձել են Seaside Startup Summit-ի շրջանակում անցկացված Mining Innovation Summit-ի առանցքային թեմաները։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հատուկ նախագծի ձևաչափով կազմակերպված համաժողովը մեկ հարթակում համախմբել էր հանքարդյունաբերության, տեխնոլոգիական ոլորտի, ստարտափ էկոհամակարգի, պետական կառույցների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի տնտեսության երկու կարևոր ուղղությունների համագործակցության նոր հնարավորությունները։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով՝ մարդկության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է պատկերացնել առանց մետաղների, իսկ դրանց արդյունավետ և պատասխանատու օգտագործման կարևոր բաղադրիչը թվային տեխնոլոգիաների ներդրումն է։
«Հայաստանն ունի ներուժ, մենք ընդերքով հարուստ երկիր ենք, և այդ ներուժը պետք է ճիշտ օգտագործենք՝ ի շահ մեր պետության, ի շահ մեր տնտեսական զարգացման։ Ինչպես ցանկացած արդի ոլորտ, հանքարդյունաբերությունն էլ, բնականաբար, առանց թվային տեխնոլոգիաների անհնար է աշխատի։ Առանց թվային ծրագրերի և մոդելների անհնար է սկսել ընդերքից արդյունահանումը։ Ամբողջ արդյունաբերական շղթայում օգտագործվում են թվային տեխնոլոգիաներ»,-ասաց Ջհանյանը։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, թվայնացման գծով տնօրեն Սադըկ Ազիմովը վստահ է՝ հանքահարստացման ոլորտում նույնիսկ փոքր սխալը կարող է զգալի տնտեսական հետևանքներ ունենալ, ուստի արտադրական գործընթացների կառավարման, որակի վերահսկման և ռեսուրսների պլանավորման թվային համակարգերը դարձել են ռազմավարական անհրաժեշտություն։
«Հանքահարստացման ոլորտն ու տեխնոլոգիաները շատ սերտորեն կապված են։ Հանքարդյունաբերության ոլորտը նաև պատրաստ է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, քանի որ այն այդ տեխնոլոգիաների խոշոր սպառողներից է, և դրանց կիրառումը չափազանց կարևոր է ոլորտի համար։ Տեխնոլոգիական ընկերությունների համար շատ օգտակար է խորությամբ հասկանալ բավականին բարդ և առանձնահատուկ ոլորտը և լուծել այնտեղ առկա կոնկրետ խնդիրները։ Կարող եմ վստահորեն ասել, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ և արդեն իսկ դրական արդյունքներ ենք ստանում ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ»,-նշեց Ազիմովը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նշեց, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ, այլև նորարարական գաղափարներ ներգրավել ոլորտ։
«Սա լավ հարթակ է նորարարական ստարտափներ և գաղափարներ առաջարկելու, որոնք հետագայում կարող են զարգանալ և էապես նպաստել հանքարդյունաբերության թվային զարգացմանը, վերափոխմանը և տեխնոլոգիական վերազինմանը։ Կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում առկա բոլոր հարաբերությունները թվայնացնելու»,-կարծում է Վարդանյանը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն լայնորեն կիրառում է թվային տեխնոլոգիաներ՝ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ կիրառելով արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքեր և լազերային սկանավորման համակարգեր, որոնք թույլ են տալիս ստանալ առավել ճշգրիտ տվյալներ:
«Հանքարդյունաբերության ոլորտում մենք բավականին լավ արդյունքներ ունենք այն իմաստով, որ խախտումներն ավելի քիչ են արձանագրվում՝ հաշվի առնելով, որ ընդերքօգտագործման ոլորտը միակ ոլորտն է, որն ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի բոլոր շերտերի վրա»,-ասաց նա։
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ևս կարևորեց տեխնոլոգիաների դերը՝ նշելով, որ տվյալների հավաքագրումը, շրջակա միջավայրի մոնիթորինգը և թվային լուծումների ներդրումն արդեն դարձել են ժամանակակից հանքարդյունաբերության անբաժանելի մասը։
«Եթե մենք մի քանի տասնյակ տարի առաջ ունեինք մեկ-երկու աշխատող ՏՏ ոլորտից, որոնք ապահովում էին մեր համակարգիչների բնականոն աշխատանքը, ապա այսօր տեխնոլոգիական ոլորտը հանքարդյունաբերության առանցքային մասն է կազմում»,-հավելեց Ալոյանը։
Mining Innovation Summit-ի գլխավոր գործընկերն է ԶՊՄԿ-ն։
Seaside Startup Summit-ը մեկնարկել է հուլիսի 27-ին և մեկ շաբաթ շարունակ Սևանի ափին կհամախմբի ստարտափների, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, բիզնեսի և ներդրումային համայնքի ներկայացուցիչներին, պետական կառույցների և միջազգային փորձագետների։