COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան
3 րոպեի ընթերցում
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի առաջին շաբաթը ցույց է տվել, թե ինչի կարող է հանգեցնել բազմակողմ համագործակցությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP 17-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում կողմերը կարևոր որոշումներ են ընդունել կենսաանվտանգության, ինվազիվ օտարածին տեսակների, գենդերային հարցերի, կրթության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Մաթևոսյանը ողջունեց նաև ներդրողների ստանձնած ֆինանսական հանձնառությունները։
«Կենսաբազմազանության պահպանումը չի կարող մնալ միայն շրջակա միջավայրի նախարարությունների պատասխանատվությունը։ Այն պետք է դառնա մեր տնտեսությունները, ազգային բյուջեներն ու ներդրումները ձևավորող որոշումների անբաժանելի մասը։ Մենք պետք է գլոբալ հավակնությունները վերածենք գործնական համագործակցության»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ COP17-ի բարձր մակարդակի հատվածում ակնկալվում է շուրջ 70 նախարարի, 40 փոխնախարարի, միջազգային կառույցների ղեկավարների և մոտ 1500 մասնակցի ներկայություն։ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ Հայաստանի նախագահությունն այս շաբաթ կներկայացնի չորս առանցքային նախաձեռնություն՝ ուղղված լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պաշտպանությանը, տարածքային արդյունավետ պահպանության առաջմղմանը, տեխնոլոգիաների միջոցով կենսաբազմազանության մշտադիտարկման ամրապնդմանը, ինչպես նաև վնասակար խթանների բարեփոխմանը և դրական խթանների մասշտաբավորմանը։
« COP17-ի նպատակներից է ձևավորել գործընկերություններ և մեխանիզմներ, որոնք կապահովեն երկարաժամկետ արդյունքներ նաև համաժողովից հետո։ Կենսաբազմազանության ոլորտում գլոբալ առաջընթացի առաջին վերանայման եզրակացությունները պետք է վերածենք ավելի լայն գլոբալ քաղաքական արձագանքի։ Սա է մեր առաջարկած «Երևանյան ուղու» նպատակը՝ առաջընթացի գնահատումը կապել գործնական լուծումների հետ»,- ասաց Մաթևոսյանը։
Նա նշեց, որ առջևում դեռ կարևոր բանակցություններ են, և Հայաստանի նախագահությունը կշարունակի աշխատել բոլոր կողմերի հետ՝ տարաձայնությունները հաղթահարելու, համաձայնություն ձևավորելու և հավասարակշռված արդյունքների հասնելուն աջակցելու համար։
«Առաջին շաբաթը ցույց տվեց, որ համագործակցությունը կարող է առաջընթաց ապահովել։ Երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել կոնկրետ գործողությունների։ Ի վերջո, COP17-ը չի գնահատվի Երևանում արված հայտարարությունների թվով, այլ այն երկարաժամկետ արդյունքներով, որոնց մենք միասին կհասնենք համաժողովից հետո։ Սա է մեր պատասխանատվությունը, սա է Հայաստանի նախագահության հավակնությունը՝ գործել հանուն բնության»,- հավելեց նախարարը։