Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի
2 րոպեի ընթերցում
Ուկրաինան գրեթե մեկ ամիս սպասում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ստորագրությանը՝ Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարման հարցով. Կիևը Վաշինգտոնի հետ կքննարկի այս հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա հայտնել է պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի զեկույցի մասին, որը վերաբերել է ՀՕՊ համակարգերի համար նախատեսված կալանիչ հրթիռների մատակարարումների իրավիճակին։
«Աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ Միացյալ Նահանգների, Եվրոպայի և այլ գործընկերների հետ, որոնք ունեն PAC-2 և PAC-3 հրթիռների պաշարներ։ Մասնավորապես, գրեթե մեկ ամիս է՝ սպասում ենք պարոն Հեգսեթի ստորագրությանը՝ Patriot և NASAMS համակարգերի համար նախատեսված հրթիռների հարցով։ Հանձնարարել եմ այս հարցը ևս մեկ անգամ քննարկել ամերիկյան կողմի հետ», - նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ թեմայի շուրջ քննարկումներ են ընթանում այլ երկրների հետ ևս:
Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ բազմաթիվ երկրներ են ցանկանում ամերիկյան կալանիչ հրթիռներ, սակայն դրանք անհրաժեշտ են նաև ԱՄՆ-ին՝ սեփական ռազմական օբյեկտների պաշտպանության համար։