2 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գործակցության արդյունքում 2026 թվականին «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նյութատեխնիկական բազայի բարելավման, երեխաների համար ժամանակակից ու հարմարավետ կրթամշակութային միջավայրի ստեղծման նպատակով իրականացվել է շուրջ 21 միլիոն դրամի գույքի, հումքի, սարքավորումների ձեռքբերման ծրագիր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներդրումը կազմել է 16 միլիոն 31 հազար դրամ, Մարտունիի համայնքապետարանի ներդրումը՝ 5 միլիոն 87 հազար դրամ։
Ձեռք բերված գույքը նախատեսված է դպրոցի առօրյա գործունեության, ուսումնական պարապմունքների, ստեղծագործական աշխատանքների և կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար։ Ձեռք է բերվել գերմանական արտադրության բարձրորակ կավագործական վառարան, բրուտագործական հաստոց, խեցեգործության մեջ հումք հանդիսացող եվրոպական կավ, ներկեր, շրջանակներ, մոլբերտներ և զանազան կահույք։
Ներդրման շնորհիվ կբարելավվեն դպրոցի նյութատեխնիկական պայմանները, կբարձրանա ուսումնական գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև կընդլայնվեն երեխաների կրթական և ստեղծագործական զարգացման հնարավորությունները։
«Ծրագրով կահավորվել է արվեստի դպրոցի 13 դասարան և 3 վարչական աշխատասենյակ, ինչպես նաև նորաստեղծ խեցեգործական արվեստանոցը։ Մարտունի համայնքում չի եղել որևէ խեցեգործական արվեստանոց, չնայած որ համայնքն ունեցել է խեցեգործության լավ ավանդույթներ և անհատ վարպետներ։ Արվեստանոցի ստեղծմամբ կավելանան նոր աշխատատեղեր, իսկ երեխաների և ուսուցիչների ձեռագործ աշխատանքները կարող են ցուցադրվել և վաճառվել։
Ծրագրի իրականացումը կարևոր քայլ է Մարտունի համայնքում արտադպրոցական կրթության պայմանների բարելավման, երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման և որակյալ կրթամշակութային ծառայությունների հասանելիության ընդլայնման ուղղությամբ»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։