1 րոպեի ընթերցում
Ադրբեջանի և Իսրայելի նախագահներ Իլհամ Ալիևը և Իցհակ Հերցոգը Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս երկրների երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
Իսրայելի նախագահը բարձր է գնահատել Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության շրջանակում Ադրբեջանի նախագահության օրոք իրականացված աշխատանքը, որն ուղղված էր գործնական համագործակցության ընդլայնմանը և վստահության ամրապնդման միջոցառումների ուժեղացմանը։
Իր հերթին, Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը՝ որպես նախագահող երկիր, շարունակում է ջանքեր գործադրել նշված կազմակերպությանն անդամակցող պետությունների միջև փոխադարձ վստահության ամրապնդման և գործնական համագործակցության զարգացման ուղղությամբ։
Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին Բաքվում։