Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան

6 րոպեի ընթերցում

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ քրդական գործոնը դեռ շարունակում է մնալ մերձավորարևելյան տարածաշրջանային գործընթացներում՝ որպես որոշակի ազդեցություն ունեցող բաղադրիչ, բայց համեմատած 2000-ական թվականների սկզբի և 2010-ական թվականների երկրորդ կեսի հետ, բնականաբար, էականորեն նվազել է դրա նշանակությունը, որի հիմնական պատճառը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններն են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն անդրադարձավ քրդական գործոնի դերակատարությանը վերջին շրջանում տեղի ունեցած գլոբալ պրոցեսների համատեքստում և այդ գործոնի հետագա հնարավոր վերափոխման խնդրին։

«Եթե նշված ժամանակահատվածներում քրդերը նախ Իրաքում, իսկ հետո նաև Իրանում ու Սիրիայում իրենց շահերն առաջ մղելու առումով որպես գործընկեր բավականաչափ կարևոր դերակատար էին աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների, հատկապես՝ արևմտյան տերությունների ու Իսրայելի համար, ապա 2020-ական թվականներից սկսած՝ գործող աշխարհակարգի փոփոխության տրամաբանության մեջ աստիճանաբար քրդերի ազդեցությունը թուլացավ։ Թուրքիայում քրդերն ավելի ինքնակազմակերպված էին շատ ավելի վաղ ժամանակահատվածում, սակայն այստեղ ևս Թուրքիայում իշխանության ամրապնդման գործընթացի համատեքստում քրդական գործոնի՝ որպես ինքնուրույն միավորի, ազդեցությունը նույնպես էականորեն թուլացել է»,- նշեց Պետրոսյանը։

Նա չի կիսում այն տեսակետը, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս մերձավորարևելյան տարածաշրջանից. նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն պարզապես նվազեցնում է կամ դադարեցնում է իր ռազմական ներկայությունը մի շարք երկրներում, որտեղ այդ ներկայության շարունակականությունը պարզապես խնդրահարույց ու ծախսատար է ԱՄՆ-ի համար։ Այս պահին խոսքը վերաբերում է միայն Իրաքից զինված ուժերի դուրսբերման հնարավորության մասին, սակայն տարածաշրջանի մի շարք այլ երկրներում Միացյալ Նահանգները փաստացի մնում է, ինչը նշանակում է, որ շարունակելու է մնալ առանցքային գործոն Մերձավոր Արևելքում։

«Այլ հարց է քրդերի նշանակությունն ԱՄՆ-ի համար։ Քանի որ այս պահին տարածաշրջանում ռազմավարական առումով չկա էական փոփոխությունների տանող միջավայր, ինչպիսին «արաբական գարունն» էր կամ Իրաքի ներքաղաքական գործընթացներն ու Թուրքիայի ներսում առկա զարգացումները, քրդական գործոնը նման ազդեցություն չունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները դեռ շարունակում է չկարգավորված հակամարտության մեջ մնալ Իրանի հետ, ու նաև բավականաչափ առարկայական են այն կանխատեսումները, որ հակամարտությունն ինչ-որ փուլում կարող է տեղափոխվել ռազմական հարթություն, ուստի չի բացառվում, որ Իրանում քրդական գործոնի նշանակությունը կարող է մեծանալ։ Նման բան կարող է լինել՝ հաշվի առնելով նաև Իսրայելի ակտիվ կապերն ու համագործակցությունը քրդերի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ այս պահին կարելի է կանխատեսել, որ Իրանում հնարավոր զարգացումների դեպքում, գուցե, քրդերը կարողանան օգտվել Իրան-ԱՄՆ հակամարտությունից և որոշակի դիվիդենտներ ունենալ իրենց համար։ Իսկ ինչ վերաբերում է քրդերի պարագայում այս կամ այն աշխարհաքաղաքական դերակատարին հավատալ-չհավատալու հարցին, ապա Պետրոսյանը շեշտեց, որ տվյալ մոտեցումն, ընդհանուր առմամբ, ճիշտ չէ։

«Պրակտիկ քաղաքականության մեջ հավատալը, վստահելը քաղաքական կատեգորիաներ չեն։ Քաղաքական կատեգորիաներ են շահերը, փոխադարձ ռազմավարական կարևորությունը և դրանց հիման վրա քաղաքական հարաբերությունների կառուցումը։ Եթե որևէ դերակատար այդ գործոններով չի առաջնորդվում, նշանակում է, որ ինչ-որ փուլում կարող է արժանանալ այն ճակատագրին, որին արժանացան նույն քրդերը տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում։ Դեռևս կա հնարավորություն, բայց եթե Իրան-ԱՄՆ հակամարտությունն ինչ-որ փուլում սառեցվի կամ փոխզիջումային լուծում ձեռք բերվի, ապա մեծ հավանականությամբ Թուրքիան, Սիրիան և Իրաքը կգնան քրդական ինքնավարության միավորների դերակատարման էական սահմանափակման կամ նվազեցման, ինչից հետո քրդական գործոնն էականորեն կթուլանա»,- մանրամասնեց քաղաքական վերլուծաբանը։

Պետրոսյանի կարծիքով՝ հենց այդ պրագմատիկ քաղաքականության տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև թուրքական իշխանությունների և ՔԲԿ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները։

«Այդպիսի գործընթաց տեղի ունեցավ և Սիրիայում, որտեղ քրդական զինված ուժերի առաջնորդը պայմանավորվածություններ ձեռք բերեց նախագահ Ալ-Շարաայի հետ՝ նշանակվելով նրա խորհրդականի պաշտոնում։ Այժմ տեսնում ենք, որ քրդերը սկսել են ավելի պրագմատիկ մտածել, քանի որ արտաքին աջակցության բացակայության պայմաններում չեն կարող առաջ մղել իրենց ռազմավարական շահերը և այդ պարագայում, բնականաբար, ստիպված են գնալ զիջումների կամ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների՝ ընդունելով աշխարհաքաղաքական առկա իրողություններն ու դիրքավորվելով ըստ այդ իրողությունների»,- ասաց Պետրոսյանը։  

Հայերեն Русский

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. ՌԴ-Ուկրաինա հարվածները շարունակվում են

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը