Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է խաղաղարար առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ջեյհուն Բայրամովը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի նշանակությունը՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսանկյունից։
Նշվել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո տարբեր ուղղություններով երկկողմ կապերի արագ զարգացումը գոհունակություն է առաջացնում։
Այս համատեքստում ընդգծվել է 2026 թվականի փետրվարի 10-ին ստորագրված՝ Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության խարտիայի կարևորությունը՝ երկկողմ կապերի ինստիտուցիոնալ հիմքերի հետագա ամրապնդման և համագործակցության նոր ուղղությունների սահմանման տեսանկյունից։
Քննարկվել են Խարտիայի իրականացման շրջանակում ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածի համար կոնկրետ նախագծերի և ճանապարհային քարտեզների մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ամերիկյան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցերին։
Այս համատեքստում նշվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա և Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի շրջանակում էներգետիկայի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների ներդրումը երկկողմ ռազմավարական գործընկերության տնտեսական հիմքերի ամրապնդման գործում։
Տեղեկություն է ներկայացվել Ադրբեջանի կողմից իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ուղղված են տարածաշրջանի էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացմանը, Միջին միջանցքի ընդլայնմանը, ներդրումների խթանմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։
Ընդգծվել է, որ TRIPP նախագիծը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, Ադրբեջանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցության ապահովման և տարածաշրջանային ավելի լայն տարանցիկ հնարավորությունների ձևավորման գործում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին, ինչպես նաև ներկայացրել ադրբեջանական կողմի դիրքորոշումը։
Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ադրբեջանա-ամերիկյան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն ուղղված ջանքերը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական արդյունքներով ամրապնդելու կարևորությունը։