Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները

10 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Դեպի COP17. գլոբալ գնահատում և կենսաբազմազանության ֆինանսավորման բացը» խորագրով նախապատրաստական քննարկումը՝ նվիրված հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի օրակարգի հիմնական հարցերին։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի Եվրոպական խորհրդարանի պատվիրակության համանախագահ Ստեֆան Քյոլերի, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի (ENVI) համատեղ նախաձեռնությամբ։

Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկմանը մասնակցում էին COP17-ի ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), IUCN-ի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում բանախոսները միակարծիք էին, որ COP17-ը պետք է դառնա կենսաբազմազանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները կոնկրետ և չափելի գործողությունների վերածելու կարևոր հանգրվան։ Անդրադարձ կատարվեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատմանը, կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացի հաղթահարմանը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, COP17-ի Եվրոպական խորհրդարանի պատվիրակության համանախագահ Ստեֆան Քյոլերն ընդգծեց, որ բնության պահպանությունն ու տնտեսական բարգավաճումը միմյանց հակասող նպատակներ չեն։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գտնել լուծումներ, որոնք միաժամանակ կպաշտպանեն բնությունը, կապահովեն պարենային անվտանգությունն ու տնտեսական դիմակայունությունը։

Նա COP17-ը կարևոր հնարավորություն համարեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 2030 թվականի նպատակների իրականացման առաջին համաշխարհային գնահատման համար՝ շեշտելով, որ հավակնոտ նպատակների սահմանումը բավարար չէ․ անհրաժեշտ են համապատասխան ֆինանսավորում, գիտական հիմնավորվածություն, արդյունավետ մոնիթորինգ և հաշվետվողականություն։ Քյոլերը նաև կարևորեց ֆերմերների, անտառապահների, ձկնորսների, տեղական համայնքների և այլ շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավումը։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի Հայաստանի նախագահության հատուկ բանագնաց Մհեր Մարգարյանը կարևորեց Հայաստան–Եվրամիություն համագործակցությունը շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ոլորտներում։ Նա նշեց, որ Հայաստանի նպատակն է COP17-ը դարձնել ներառական, թափանցիկ և գործողությունների վրա հիմնված գործընթաց։

Նրա խոսքով՝ համաժողովի առանցքային թեմաներից են լինելու ֆինանսավորումը, ռեսուրսների մոբիլիզացումը, գիտատեխնիկական համագործակցությունը, բիզնեսի և ֆինանսական կառույցների ներգրավումը, ինչպես նաև կենսաբազմազանության ինտեգրումը տնտեսական և ֆինանսական քաղաքականություններում։

Մարգարյանը ներկայացրեց նաև COP17-ից առաջ նախատեսվող իրավական գագաթնաժողովը և «Երևանյան գործողությունների կոչը», որը պետք է քաղաքական նոր խթան հաղորդի կենսաբազմազանության պահպանմանն ու միջազգային պարտավորությունների իրականացմանը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, COP17-ի Եվրոպական խորհրդարանի պատվիրակության համանախագահ Սեզար Լուենան նշեց, որ Եվրոպան կենսաբազմազանության ոլորտում առաջընթաց արձանագրվել է, սակայն այն դեռ բավարար արագությամբ չի ընթանում։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այժմ գործող օրենսդրությունն ու ստանձնած պարտավորությունները գործնական արդյունքների վերածելն է։ Նա առանձնացրեց կենսաբազմազանության ֆինանսավորման ավելացումը, Կալիի հիմնադրամի արդյունավետ գործարկումը, բնությանը վնասող սուբսիդիաների վերանայումը և իրական արդյունքների չափման անհրաժեշտությունը։

Լուենան նաև ընդգծեց կենսաբազմազանության պահպանման և կլիմայական դիմակայունության սերտ կապը՝ նշելով, որ առողջ էկոհամակարգերը կարևոր են սննդի, ջրի, առողջության և տնտեսության համար։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Բրյուսելի գրասենյակի ղեկավար Վերոնիկա Հանթ Շաֆրանկովան շեշտեց տարբեր միջազգային գործընթացների միջև առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության, կլիմայի, հողերի և քիմիական նյութերի քաղաքականությունները չպետք է իրականացվեն մեկուսացված։ COP17-ը, նրա գնահատմամբ, հնարավորություն է դրանք ավելի լավ համակարգելու և կենսաբազմազանության հարցը քաղաքական և տնտեսական օրակարգում ավելի տեսանելի դարձնելու համար։

Եվրոպական հանձնաժողովի Շրջակա միջավայրի գլխավոր տնօրինության գլոբալ կենսաբազմազանության հարցերով թիմի ղեկավար Անն Թեո Սեյնենն ուշադրություն հրավիրեց կենսաբազմազանության առաջընթացի առաջին գլոբալ գնահատման և ազգային հաշվետվությունների նոր համակարգի կարևորության վրա։ Նրա խոսքով՝ հավաքագրված տեղեկատվությունը կարևոր հիմք է ստեղծում հաշվետվողականության և հետագա գործողությունների համար։ Միաժամանակ, նա նշեց, որ հիմնական մարտահրավերը մնում է իրականացումը՝ պահպանելով նաև ավելի բարձր հավակնությունների հասնելու հնարավորությունը։

Սեյնենը կարևորեց տարածաշրջանային երկխոսությունը, փորձի փոխանակումը և ոչ պետական դերակատարների՝ բիզնեսի, կազմակերպությունների և այլ կառույցների ներգրավումը։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող, Կոնվենցիայի շրջանակում Բելգիայի պատվիրակության տեխնիկական ղեկավար Ինես Վերլեյեն շեշտեց, որ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 նպատակները վերաբերում են գրեթե բոլոր տնտեսական և սոցիալական գործունեություններին։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության պահպանությունը չի կարող սահմանափակվել միայն հատուկ պահպանվող տարածքներով։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն տարածքներին, որտեղ իրականացվում են գյուղատնտեսությունը, ձկնորսությունը, արդյունաբերությունն ու տնտեսական այլ գործունեություն։ Նա COP17-ը կարևոր հնարավորություն համարեց կենսաբազմազանությունը բոլոր տնտեսական և սոցիալական ոլորտներում համակարգված ներառելու և 2030 թվականի նպատակների իրականացման համար նոր քաղաքական թափ ստեղծելու առումով։

Քննարկման ընթացքում «The Nature Conservancy» (TNC) կազմակերպության Եվրոպայում կենսաբազմազանության քաղաքականության ղեկավար Անդրաշ Կրոլոպը կարևորեց հասարակական կազմակերպությունների դերը՝ նշելով, որ դրանք համախմբում են մարդկանց, խթանում քննարկումներն ու երկխոսությունը, որոնք կարող են հանգեցնել կոնկրետ արդյունքների։

Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և տեղեկացրեց, որ հոկտեմբերի 26-ին IUCN-ը COP17-ի շրջանակում կունենա իր տաղավարը՝ հրավիրելով ներկաներին այցելել այն։

Քննարկման մասնակիցների ելույթները միավորվեցին մեկ հիմնական ուղերձի շուրջ՝ COP17-ը պետք է նպաստի ոչ միայն նոր պարտավորությունների հաստատմանը, այլև արդեն ստանձնած պարտավորությունների իրականացման արագացմանը՝ ապահովելով համապատասխան ֆինանսավորում, միջազգային և միջոլորտային համագործակցություն, գիտական հիմք, արդյունավետ վերահսկողություն և հասարակության տարբեր հատվածների ներգրավվածություն։ Կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես ընդգծվեց քննարկման ընթացքում, այլևս չի կարող դիտարկվել միայն որպես բնապահպանական օրակարգ․ այն անմիջականորեն կապված է տնտեսության, պարենային անվտանգության, կլիմայական դիմակայունության, առողջության և կայուն զարգացման հետ։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանում։  Այն կդառնա մինչև 2030 թվականը սահմանված կենսաբազմազանության նպատակների իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ գնահատման կարևոր փուլ։ Քննարկումների առանցքում կլինեն նաև երկրների կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացումը, դրանց առաջընթացն ու առկա բացերը։

Հայերեն English Русский

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/10/26